Մատչելիության հղումներ

Reuters. Կոստյանտինիվկայի շուրջ օղակը սեղմվում է

Ռուսական ուժերը առաջ են շարժվում դեպի Կոստյանտինիվկա՝ Ուկրաինայի Դոնեցկի մարզի առանցքային հենակետերից մեկը, գրում է Reuters-ը։

Ուկրաինացի բարձրաստիճան հրամանատարների խոսքով՝ ռուսական փոքր խմբեր փորձում են ներթափանցել քաղաքի ծայրամասեր։ Նրանք, սակայն, պնդում են, որ Կոստյանտինիվկայի շուտափույթ գրավման մասին Մոսկվայի հայտարարությունները չափազանցված են։

Կոստյանտինիվկան Դոնեցկի մարզում ուկրաինական պաշտպանական գծի կարևոր քաղաքներից է։ Դրա գրավումը ռուսական ուժերին հնարավորություն կտա առաջ շարժվել դեպի հյուսիս՝ Սլովյանսկի և Կրամատորսկի ուղղությամբ։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ թեև ուկրաինական հարվածները ռուսական լոգիստիկային և նավթային ենթակառուցվածքներին վնասներ են պատճառել, դրանք դեռ չեն ստիպել Մոսկվային դադարեցնել հարձակումը։ Միևնույն ժամանակ ռուսական առաջխաղացումը դանդաղ է և ուղեկցվում է մեծ կորուստներով։

Ուկրաինական DeepState նախագծի վերլուծաբան Ռուսլան Միկուլան Reuters-ին ասել է, որ Կիևի համար Կոստյանտինիվկայի պաշտպանությունը գնալով ավելի թանկ է դառնում․ «Պետք է ընտրություն անել՝ բարձրացնե՞լ խաղադրույքները, թե՞ նահանջել»։

Պատերազմից առաջ մոտ 70 հազար բնակիչ ունեցող Կոստյանտինիվկայում այժմ շուրջ 2 հազար մարդ է մնացել։ Քաղաքի և հարակից բնակավայրերի ուղղությամբ ռուսական հարվածները շարունակվում են, իսկ մատակարարման ճանապարհները գտնվում են մշտական ճնշման տակ։

XS
SM
MD
LG