Մատչելիության հղումներ

Պարաօլիմպիկ չեմպիոնները Հայաստանում․ հայ և ամերիկացի անվասայլակով բասկետբոլիստների հանդիպումը ՇՊՀ-ում

Անվասայլակներով բասկետբոլի հայ ու ամերիկացի մարզիկներն այսօր ՇՊՀ-ի մարզադահլիճում մասնակցեցին ԱՄՆ դեսպանատան կազմակերպած միջոցառմանը: ԱՄՆ անկախության 250-ամյակի շրջանակներում Հայաստան են ժամանել անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանն ու Սթիվ Սերիոն: Երկուսն էլ պարաօլիմպիկ խաղերի բազմակի ոսկե մեդալակիրներ են:

Ռոզը 25 տարի առաջ ավտովթարից հետո է անվասայլակի վրա, 15 տարեկանից սկսել է բասկետբոլով զբաղվել: Անվասայլակի վրա բասկետբոլ խաղալը հեշտ չէ: Նախ պետք է հմտորեն անվասայլակը կառավարել, հետո գնդակով մրցակիցին շրջանցել, ամենադժվարը գնդակը զամբյուղը գցել է: Ռոզի մոտ դա լավ է ստացվում:

«Ես ավտովթարի հետևանքով երկու եղբայրներիս եմ կորցրել, ու հանուն նրանց հիշատակի կարծես ուժ գտա իմ մեջ և կայացա սպորտում», - ասաց Ռոզ Հոլերմանը:

Սթիվն արդեն 20 տարի է՝ բասկետբոլ է խաղում: Իրենց այս խաղերով փորձում են խրախուսել ներառականությունը, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ սպորտով զբաղվեն:

«Ինձ մոտ հաշմանդամությունը 1 տարեկան հասակում է ի հայտ եկել: Հետո երբ ինձ համար բացահայտեցի անվասայլակով բասկետբոլը, դա իսկապես ինձ համար վստահություն ձեռք բերելու պահն էր, և կարողացա կայանալ որպես մարզիկ ու առաջնորդ», - նշեց Սթիվ Սերիոն:

«Շատերը կարծում են, որ անվասայլակի վրա գտնվելով մենք շատ բան չեն կարող անել, - ասում է Սթիվն ու շարունակում, - սեփական օրինակով ենք ցույց տալիս, որ անվասայլակի վրա էլ կարելի է գնալ երազանքի հետևից»:

Իսկ ինչո՞ւ է ընտրել հենց բասկետբոլը. «Լավագույն թիմերը, որոնց կազմում ես եղել եմ, այն թիմերն են, որտեղ քո թիմակիցը քո մասին ավելի շատ է մտածում, քան դու ինքդ: Եվ երբ դու այդպիսի լավ թիմի կազմում ես, դու կարողանում ես դրական արդյունքներ արձանագրես ոչ միայն խաղադաշտում, այլ նաև քո շրջապատում»:

Ամերիկացի բասկետբոլիստները հայ մարզիկների հետ խաղից գոհ էին ու տպավորված: Հայաստանում անավասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Խզմալյանն ասում է՝ Հայաստանում 3 ակումբ կա, և 35 մարզիկ ակտիվ զբաղվում է բասկետբոլով:

«Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում բասկետբոլը կայացած է, ունենք ստաբիլ մարզումներ, ունենք ակումբներ, համագործակցում ենք, կարելի է ասել, ամբողջ աշխարհի հետ՝ Եվրոպայի, ԱՄՆ-ի բոլոր ակումբների, անվասայլակով բասկետբոլի բոլոր լուրջ կառույցների հետ: Անավասայլակով բասկետբոլի ֆեդերացիան հանդիսանում է միջազգային բասկետբոլի ֆեդերացիայի անդամ», - ասաց Խզմալյանը:

Ամեն դեպքում խնդիրներ կան հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի մատչելիության մասով: Անվասայլակով բասկետբոլիստները ևս բախվում են այդ խնդրին. «Մենք չենք սպասում, որ պարտադիր հարմարեցված լինի, նոր մենք այդտեղ մուտք գործենք, ունենք մարզումներ, ինչը հարմար չէ փորձում ենք հարմարեցնել մեզ, փորձում ենք մենք փոփոխություններ անենք: Զարգացումը մեր երկրում նկատելի է, այնպես չէ, որ փոփոխություն չկա, գնալով հուսանք ավելի կլինեն»:

Ամերիկացի բասկետբոլիստների հետ խաղը, հատկապես պարաօլիմպիկ բազմակի չեմպիոնների հետ լավագույն փորձի փոխանակում են համարում: Վաղը Երևանում են հայ ու ամերիկացի բասկետբոլիստները խաղալու:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG