Մատչելիության հղումներ

Իրանի պատերազմի շնորհիվ ԱՄՆ-ն նավթի խոշորագույն արտահանողն է դարձել աշխարհում. Reuters

Հորմուզի նեղուցի փակման և ռուսական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով ԱՄՆ-ն արդեն երրորդ ամիսն անընդմեջ մնում է նավթամթերքի առաջատար արտահանողն աշխարհում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով նավերի տեղաշարժին հետևող Vortexa ծառայության տվյալներին։

Ըստ ստացված տվյալների՝ ԱՄՆ-ի հում նավթի և վառելիքի արտահանումը մայիսին աճել է մինչև օրական մոտ 10,5 միլիոն բարել՝ շնորհիվ բարձր արդյունահանման և երկրի ռազմավարական նավթային պաշարների օգտագործման։ Նույն ամսում Ռուսաստանի արտահանումը կազմել է օրական 7 մլն բարել, մինչդեռ Սաուդյան Արաբիայինը՝ մոտ 6 մլն բարել։

Vortexa-ի տվյալներով՝ Սաուդյան Արաբիան 2025-ին աշխարհում առաջատար նավթ արտահանողն էր (օրական 8 մլն բարել)։ Միացյալ Նահանգներն օրական արտահանել է ավելի քան 6,5 մլն բարել, մինչդեռ Ռուսաստանը՝ օրական 6 մլն բարելից մի փոքր պակաս։

«Աշխարհի խոշորագույն նավթ արտահանող լինելը Վաշինգտոնին նոր հզոր լծակներ կտա դաշնակիցների և մրցակիցների հետ բանակցություններում՝ ի հավելումն նրա գլոբալ ռազմական գերազանցության և ֆինանսական շուկաներում գերիշխանության»,- գրում է Reuters-ը։

Օրինակ, ԱՄՆ-ն դարձել է Եվրոպայի հում նավթի հիմնական ներմուծողը և տարածաշրջանի թորած վառելիքի երկրորդ խոշորագույն մատակարարը։ Ավելին, ասիական երկրներն ավելի ու ավելի են կախված ամերիկյան նավթից՝ Մերձավոր Արևելքի նավթամթերքի մատակարարման դժվարությունների պատճառով։

Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստվում է գրավել իրանական Խարգ կղզին և իրանական նավթային այլ օբյեկտներ և «լիակատար վերահսկողություն հաստատել նրանց նավթի և գազի շուկաների նկատմամբ», ինչպես արեցին Վենեսուելայի դեպքում։

Սակայն ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը հայտարարեց, որ չեղարկում են հարվածները, քանզի Իրանի հետ համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Թեհրանը, սակայն, հերքում է՝ նշելով, որ վերջնական համաձայնություն չկա։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG