Մատչելիության հղումներ

ՔՊ-ը, ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ կմիանա Եվրոպական ժողովրդական կուսակցությանը

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ամենայն հավանականությամբ, մինչև այս տարեվերջ կմիանա Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ընտանիքին՝ աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ)՝ տարիներ տևած քննարկումներից ու կուլիսային բանակցություններից հետո, Բրյուսելից հաղորդում են «Ազատության» աղբյուրները։

ԵԺԿ-ն Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունն է, և մի շարք ազդեցիկ գործիչների, այդ թվում՝ եվրահանձնակատար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ու Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի քաղաքական ընտանիքը։ Անցած տասնամյակների ընթացքում այս հարկի տակ են միավորվել եվրոպական 82 կուսակցություններ, այդ թվում՝ դաշտի ամենաազդեցիկները՝ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, Ֆրանսիայի հանրապետականներն ու Իսպանիայի «Ժողովրդական կուսակցությունը»։

«Ազատության» աղբյուրների համաձայն՝ Փաշինյանը 2020 թվականից է ցանկացել միանալ ԵԺԿ-ին։ Կուսակցության ներսում էլ են հետաքրքրված եղել, քանի որ ԵԺԿ-ն ձգտում է ներգրավել նաև ԵՄ-ից դուրս գտնվող եվրոպական երկրների քաղաքական ուժերին։ Մինչև այս տարի քննարկումներում մեծ շտապողականություն կամ թափ չի եղել, սակայն այս տարեսկզբին «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչերը այցելել են Բրյուսել, հանդիպել և քննարկել անդամակցության հնարավորությունները ԵԺԿ պաշտոնյաների հետ։ Մարտին արդեն, այցելելով Ստրասբուրգ, Փաշինյանը, Եվրախորհրդարանում ելույթ ունենալուց բացի, հանդիպել է նաև ԵԺԿ-ի առանցքային պաշտոնյաների, մասնավորապես՝ կուսակցության նախագահ Մանֆրեդ Վեբերի հետ։ Հենց այդ ժամանակ էլ, ըստ «Ազատության» աղբյուրների, «Քաղաքացիական պայմանագիր»-ը պաշտոնապես ԵԺԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել։

ԵԺԿ-ն մինչ այս պահը պաշտոնապես որոշում չի կայացրել, այդ թվում՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վրա չազդելու մտավախությամբ։ Քիչ հավանական է նաև, որ որոշում կկայացվի այս ամսվա վերջին՝ հունիսի 29-30-ը Վիեննայում կայանալիք ԵԺԿ քաղաքական վեհաժողովում, քանի որ վերջնական որոշում կայացնելուց առաջ կուսակցության անդամները նախ պետք է պաշտոնական փաստահավաք առաքելություն իրականացնեն և այցելեն Երևան։

ԵԺԿ աշխատակազմի աղբյուրները, սակայն, «Ազատության»-ը հաղորդել են, որ փաստահավաք առաքելությունը, հավանաբար, տեղի կունենա հոկտեմբերին, ինչը հնարավորություն կտա «Քաղաքացիական պայմանագրին» պաշտոնապես միանալ ԵԺԿ-ին մինչև այս տարեվերջ։

Կան որոշ մտահոգություններ

Ըստ նույն աղբյուրների, Փաշինյանի և նրա կուսակցության նկատմամբ ԵԺԿ-ում տրամադրվածությունը «ընդհանուր առմամբ դրական» է։ Այդուամենայնիվ, կան որոշ մտահոգություններ. մեկը Փաշինյանի՝ արդեն շուրջ մեկ տարի շարունակվող առճակատումն է Հայ Առաքելական Եկեղեցու հետ, քանի որ ԵԺԿ անդամ մի շարք կուսակցություններ քրիստոնեա-դեմոկրատական են՝ շատ երկրներում հոգևորականության հետ սերտ կապերով։

Մեկ այլ խնդիր է այն, որ ԵԺԿ-ին արդեն անդամակցում են երկու հայկական կուսակցություն՝ Հանրապետականն ու «Ժառանգություն»-ը։ Ընդդիմադիր այս ուժերն այնքան էլ չեն ցանկանում կանաչ լույս վառել «Քաղաքացիական պայմանագրի» անդամակցությանը։ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ անցած տարիներին «պայքարել և շարունակելու են պայքարել, որ ՔՊ-ն չանդամակցի, և ԵԺԿ-ն մնա գաղափարական մարմին»:

«ՀՀԿ-ի ու նաև Ժառանգության ակտիվ գործունեության արդյունքում մենք մեր եվրոպացի գործընկերներին մատնանշել ենք այն ռիսկերը, որոնք առկա են ՔՊ-ի անդամակցության պարագայում, բարձրաձայնել ենք և կշարունակենք բարձրաձայնել ՔՊ-ի հակաժողովրդավարական, մարդու իրավունքների, դատական, իրավապահ համակարգի օգտագործման, քաղբանտարկյալների խնդիրները», - ասաց Մամիջանյանը։

Հայաստանյան կուսակցությունների անհամաձայնությունը, սակայն, դժվար լուրջ խոչընդոտ դառնա, քանի որ նրանք ասոցացված անդամներ են և այս հարցով քվեարկությանը չեն մասնակցելու։ Բացի այդ, անդամակցության համար անհրաժեշտ է ստանալ ԵԺԿ քաղաքական վեհաժողովի ձայների
պարզ մեծամասնությունը։

Այս շեմը «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ամենայն հավանականությամբ, կկարողանա հեշտությամբ հաղթահարել, քանի որ աջակցություն ունի հարթակում այժմ վճռորոշ ձայն ունեցող երկրների՝ Գերմանիայի, Լեհաստանի ու Իսպանիայի պատվիրակների շրջանում։




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG