«Ազգի, մեր ժողովրդի խիղճը գնում-գալիս է այստեղ»։ Ինը գիշեր փողոցում, առանց վրանի, անտունի նման, ինքն իր մասին այսպես է խոսում Գեղամ Օհանյանն և ավելացնում՝ եթե ոչ ես կամ նա, ապա էլ ո՞վ պիտի հիշեցնի, որ անարդարություն է տեղի ունեցել, որ Նուբարաշենի բանտում արդեն 23 օր հացադուլ է անում Արթուր Օսիպյանը։
«Էստեղ մենք արդար պահանջով ենք ու հղում ենք անում էն պայմանավորվածությանը, որի անունը՝ Սահմանադրություն է։ Մեր պայմանավորվածությունը խախտվել է, մենք պայմանավորվել ենք, որ ապրում ենք էս օրենքներով, այս օրենքներով ենք իրար հետ հարաբերվում, ու էդ հարաբերումը խախտվել է։ Հերիք չէ, խախտվել է, մի հատ էլ խախտվել է առաջին դեմքի կողմից», նշում է նա։
Վարչապետի հետ վիճած Օսիպյանը ձերբակալվեց քարոզարշավի ընթացքում։ Պատերազմի մասնակից տղամարդուն Նիկոլ Փաշինյանը «փախած» անվանեց, կշտամբեց՝ «ինչու չի զոհվել ռազմի դաշտում»։
Այս դրվագից ժամեր անց Օսիպյանին մեղադրանք առաջադրվեց բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով։ Վարչապետի թիմակիցներն էլ զուգահեռ սկսեցին պնդել, թե Օսիպյանի ձերբակալության հիմքում ոչ թե վարչապետին ուղղակի հարցեր տալն է եղել, այլ նրա սպառնալից գրառումը, որն, ի դեպ, 2 ամսվա վաղեմություն ուներ։
«Եթե մենք էս հարցը չենք բերում ուշադրության կենտրոն, մենք մի մեծ անկում ենք ապրելու։ Իմ կյանքի փիլիսոփայությունն է, միշտ ինքս ինձ հարց եմ տալիս, ո՞վ՝ եթե ոչ ես։ Ու հայտնվեցի էստեղ, էստեղ հայտնվելուց հետո, արդեն մարդիկ ասեցին, որ միանում են ինձ, ես էստեղ մենակ չեմ, նստացույցի», ասում է Գեղամ Օհանյանը։
Օր-օրի հյուծվող, բժշկական օգնությունից հրաժարված, ազատազրկված արցախցի տղամարդու պատմությունը, որ ակտիվ քննարկվում է սոցիալական ցանցերում, Գեղամի նախաձեռնած նստացույցի շնորհիվ արդեն դուրս է եկել փողոց։
Երեկվանից էլ մի խումբ հանրային գործիչներ ֆեյսբուքյան գրառումն են անում, որ Օսիպյանի համար անձնական երաշխավորություն են ստորագրել. արցախցի տղամարդուն ազատ արձակելու դեպքում նրա պահվածքի համար իրենք են պատասխանատվություն կրելու։
Գրեթե ամեն երեկո նախագահական նստավայրի դիմաց՝ Բաղրամյան մետրոյի հարևանությամբ, Օսիպյանի վիճակով անհանգստացած մարդիկ են հավաքվում, ելույթներ ունենում։
«Ես չգիտեմ, ինքը հիմա պատուհանից երբեմն նայո՞ւմ է, տեսնո՞ւմ է, որ էստեղ տասնյակ հարյուրավոր մարդիկ երեկոյան ժամին հավաքվում են ու խնդիր ունեն, հանրային խնդիր ունեն, որը իր պահպանման ներքո է, Սահմանադրությունն է խախտվել», նշեց նա։
Անտանելի է, երբ ատելության խոսքը, հոգեբանական ճնշումը, վարչական ռեսուրսի չարաշահումը, ցինիզմն ու մանիպուլյացիան փորձում են սպանել մարդուն։
Ֆեյսբուքում չի դադարում Օսիպյանի մասին գրառումներ անել նրան երբևէ չհանդիպած ու անծանոթ Գեղամ Օհանյանը։
Իսկ այս ընթացքում Նուբարաշենի բանտում պահվող Արթուր Օսիպյանը հրաժարվում է դադարեցնել հացադուլը։ Փաշինյանից պահանջում է ներողություն խնդրել՝ արժանապատվությունն է վիրավորել։
Վարչապետն արդեն ասել է՝ ոչ մի ներողություն էլ չի լինելու։
Այսպես մինչև ո՞ւր... եթե փակ են իշխանության դռներն ու սրտերը։
«Եթե ինչ-որ մեկը խիղճ չունի ու խղճով չի առաջնորդվում, ապա կանի էն, ինչը, որ պարտավոր է անի ճնշումով, ու էդ ճնշումը միայն կարա անի ժողովուրդը, էն ուժը, որը իրանից բարձր է», ասում է Օհանյանը։
Սա առաջին դեպքը չէ, երբ բարոյականությունը մենակ կռվի է դուրս եկել։ Մաշտոցի պուրակից մինչև «Էլեկտրիկ Երևան», «Բանակն իրականում»-ից մինչև Ամուլսարի համար պայքարող երիտասարդ տղամարդն ասում է՝ հիմա էլ կիսատ է թողել գործերը «Բարձունք» կրթական նախաձեռնությունում։
«Մեծ, 200 հոգանոց ճամբար է երեխաների համար, 12-13 օրից սկսվելու է, դեռ չգիտեմ՝ ոնց եմ հասցնելու, ճամբարի կազմակերպիչը ես եմ... բայց Աստված առաջ», ասու է Օհանյանը։
Ու նա կմնա փողոցում, կգիշերի բաց երկնքի տակ, որ հանկարծ, արդարությունը չմեռնի։
«Մինչև խնդիրը լուծվի։ Երբ որ գնում ես քայլերի, դու պետք է հասկանաս էդ քայլերի լրջությունը ու պետք է հասկանաս նաև կիսատ թողելու լրջությունը, այսինքն՝ ինչ հարված կարող ես հասցնել՝ կիսատ թողելով», ասաց Գեղամ Օհանյանը։