Գերմանիան լրացուցիչ 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու չեխական նախաձեռնությանը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ Բեռլինում Չեխիայի իր գործընկեր Յարոմիր Զունայի հետ հանդիպումից հետո։
Պիստորիուսի խոսքով՝ այդ գումարը բավարար կլինի Կիևի համար մոտ 50 հազար միավոր զինամթերք ձեռք բերելու համար։
Գերմանիան չեխական նախաձեռնության ամենախոշոր դոնորն է։ 2025 թվականին Ուկրաինայի զինված ուժերին զինամթերք մատակարարելու այս ծրագրին ընդհանուր առմամբ հատկացվել է մեկ միլիարդ եվրո։
Չեխական նախաձեռնությունը, որով Ուկրաինայի զինված ուժերի համար զինամթերք է գնվում երրորդ երկրներից, մեկնարկել է 2024 թվականի փետրվարին՝ Չեխիայի նախկին վարչապետ Պետր Ֆիալայի աջակցությամբ։
2025 թվականի դեկտեմբերին նոր վարչապետ Անդրեյ Բաբիշի իշխանության գալուց հետո Չեխիան դիտարկում էր նախաձեռնությունը ամբողջությամբ չեղարկելու հնարավորությունը, սակայն ի վերջո կառավարությունը համաձայնել է շարունակել այն՝ պայմանով, որ Պրահան սեփական ֆինանսական ներդրում չի կատարի։