Կենտրոնական ընտրական հանձնաժողովից խախտում չեն համարում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրատեղամաս է գնացել Հայաստանի քարտեզը պիջակին ամրացրած: Ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանի խոսքով՝ քարոզչական նյութերի օգտագործումն ընտրողների կողմից խախտում չէ, իսկ ընտրատեղամասում գտնվելու իրավունք ունեցողների դեպքում միանշանակ խախտում է:
«Քարոզչական նյութերի վերաբերյալ մենք շատ խիստ ենք վերաբերվում, երբ դրանք կրում են տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձինք՝ վստահված անձ, ԶԼՄ ներկայացուցիչ, դիտորդ և այլն: Իրենց կարող ենք պարտադրել, որ չանեն, բայց ընտրողների դեպքում գերակա է նրանց ընտրելու իրավունքը, ցանկալի չէ, բայց չենք կարող որևէ միջոց կիրառել: Իսկ վստահված անձանց դեպքում շատ խիստ ենք», - ասաց Մարկոսյանը:
ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանն էլ հավելեց՝ երբ տեղամաս գա որևէ ԶԼՄ, դիտորդ, վստահված անձ, այցելու և կրի քարոզչական բնույթ կրող որևէ հագուստ, այս դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը իրավասու է վերջինիս դուրս հրավիրել կամ թողնել բացառապես քարոզչական շապիկի կամ նշանի հեռացումից հետո:
Էրեբունու տեղամասերից մեկում այսօր հանձնաժողովի անդամն, օրինակ, «Ազատությանը» պատմել է՝ «Քաղաքացիական պայմանագրի» շապիկով մի քաղաքացու առաջարկել է գնալ, փոխել շապիկը, հետո գալ ընտրության: Մինչդեռ 8/20 տեղամասում ընտրությանը մասնակցած վարչապետին հանձնաժողովի նախագահը նման հորդով չդիմեց, երբ նա Հայաստանի քարտեզը պիջակին մտավ ընտրատեղամաս: