Հունիսի 7-ի ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ, հաղորդում է Քննչական կոմիտեն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով՝ ժամը 20-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 476 հազար 597 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 58.97 տոկոսը:
Ընտրությունների լուսաբանումը «Ազատության» երեկոյան ռադիոեթերում.
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, հաղորդում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
Նշված վարույթներից 61-ով, ըստ հաղորդագրության, ձերբակալվել է 214 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 237 անձի նկատմամբ, 17 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Մեղադրյալներից 91-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, այդ թվում՝ 50-ի նկատմամբ՝ կալանք, 41-ի նկատմամբ՝ տնային կալանք։ 102-ի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ:
Միայն հունիսի 7-ին քրեական հետապնդում է հարուցվել 33 անձի նկատմամբ, որոնցից 28-ը ձերբակալվել են, փոխանցում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
Գյումրիի թիվ 32/22 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկման արդյունքներով՝ ստացած 113 ձայներով առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է:
58 ձայնով երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» դաշինքը, երրորդը 12 ձայնով «Հայաստան» դաշինքն է, չորրորդը 11 ձայնով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Մյուս ուժերը միասին 11 քվե են ստացել:
Անցողիկ 4 տոկոսի շեմը հաղթահարելու համար կուսակցություններից կպահանջվի առնվազն 59 հազար քվե: Դաշինքների դեպքում անցողիկ շեմը 8 տոկոս է, այսինքն՝ առնվազն 118 հազար ձայն: Առաջատար ընդդիմադիր երկու ուժերը՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ը և Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան»-ը դաշինքներ են, մյուս 16-ը՝ կուսակցություններ:
Օրենքի պահանջով խորհրդարանում պետք է ներկայացված լինի նվազագույնը երեք ուժ: Այդ պահանջը բավարարելու համար օրենքի ուժով խորհրդարան կարող է անցնել անգամ անցողիկ շեմը չհաղթահարած ուժը՝ ըստ առավելագույն թվով ձայների:
Աշտարակի թիվ 17/5 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 532 քվե, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 242, «Հայաստան»-ը՝ 103, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 45 ձայն:
Աբովյանի թիվ 29/15 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկման արդյունքներով՝ առաջատար է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 476 ձայնով:
235 ձայնով երկրորդ տեղում «Ուժեղ Հայաստանն» է, երրորդը 145 ձայնով «Բարգավաճ Հայաստանն», չորրորդը 117 ձայնով «Հայաստան» դաշինքը:
«Բոլորին դեմ եմ»-ը ստացել է 30 ձայն, «Միասնության թևերը» ստացել է 27, Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը՝ 24 ձայն, «Հանրապետությունը»՝ 14 ձայն, ԴՕԿ-ը ստացել է 12 ձայն, 12 ձայն է ստացել նաև «Հանուն Հանրապետությանը», 1 ձայն՝ Հայ ազգային կոնգրեսը:
Արմավիրի Նորապատում գյուղի թիվ 16/05 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 634 քվե: 165 ձայնով երկրորդ տեղում «Ուժեղ Հայաստանն» է: «Հայաստան» դաշինքը ստացել է 61 ձայն, ԲՀԿ ն՝ 16:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսեց խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումը:
Ըստ հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների՝ ամփոփվել են 110 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները:
Ըստ այդմ՝ ընտրությունների 19 հազար 654 մասնակիցներից 11 հազար 73-ը կամ 57.14 տոկոսը քվեարկել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 4 հազար152-ը կամ 21.43 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի, 1 590-ը կամ 8.21 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 988-ը կամ 5.10 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին:
Մյուս քաղաքական ուժերը ըստ այդ տվյալների չեն հաղթահարում անցողիկ շեմը: