Ժամը 11:30-ի դրությամբ թիվ 9/12 ընտրատեղամասում ավելի քան 1800 ընտրողից 300-ից ավելին արդեն ընտրել են:
Թիվ 9/22 ընտրատեղամասում քաղաքացին կորցրել է կտրոնը:
«Նման դեպքում մարում ենք ծրարը, համարում ենք անվավեր իր կատարած ընտրությունը», - ասաց տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամը:
Ժամը 11։00-ի դրությամբ Ներքին գործերի նախարարությունը ստացել է 17 ահազանգ։
ՆԳՆ-ը հայտնում է, որ արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 53 տեղեկությունները ստուգման փուլում են։
Առինջի 29/29 ընտրատեղամասում, որտեղ ընտրեց «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հերթեր են: Հանձնաժողովի նախագահը պայմանավորում է նաև ավելի ակտիվ մասնակցությամբ։
Ընտրական իրավունք ունեցող ավելի քան 2000 ընտրողներից շուրջ 600-ն արդեն ընտրել են։ Հանձնաժողովի նախագահն Առինջում այսքան ակտիվ մասնակցություններ չի մտաբերում:
Արմավիրի Նորապատ գյուղում՝ թիվ 16/05 ընտրատեղամասում, իրավիճակը լարվեց, երբ «Ուժեղ Հայաստանի» վստահված անձն արձանագրեց, որ երկու անձ էր քվեախցիկի հետևում գտնվում: Հանձնաժողովի նախագահը նախ հերքեց, թե նման բան կար, իսկ երբ վստահված անձ Անահիտ Մանուկյանը շարունակեց պնդել դա, քաղաքացին ասաց, որ տեղյակ չէր ընթացակարգին:
Ի դեպ, ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, թե «Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը «Քաղաքացիական պայմանագրի» շրջանակներում հայտարարել է, որ իր գյուղում՝ Նորապատում, «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու, քանի որ բոլորին հանձնարարված է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը»: Այս հայտարարության վերաբերյալ պաշտոնական հաստատում չկա, ՔՊ-ից ևս դեռ չեն մեկնաբանել:
«Ուժեղ Հայաստանի» վստահված անձն «Ազատությանն» ասաց, որ նման դրվագներ դեռևս չեն արձանագրել, սակայն պնդեց՝ իշխող ուժի վստահված անձը՝ մարզպետի մտերիմ Գևորգ Խաչատրյանն ուղղորդում է, ցուցումներ է տալիս քվեարկողներին։ Վերջինս, սակայն, հերքում է դա:
Բացի այդ, Նորապատում, ըստ Անահիտ Մանուկյանի, այլ խախտումներ էլ են եղել՝ քվեաթերթիկներն ամբողջությամբ արկղով դրված էին տեսանկարահանող սարքի տեսադաշտից դուրս, ոչ թե պահարանում, քվեատուփի մոտ գտնվող հանձնաժողովի անդամը չի ստուգում ընտրողների անձնագիրը:
Դրսում էլ կուտակումներ կային: «Ազատության» դիտարկումից հետո միայն ոստիկանը ցրեց կուտակումները:
Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում «Ազատությունն» ահազանգ էր ստացել, թե վարչական ղեկավար Վոլոդյա Հալաջյանը, որը նաև ՔՊ-ի վստահված անձն է, առավոտից գտնվում է գյուղի միակ ընտրատեղամասում և ուղղորդում է բնակիչներին:
Գոգարան համայնքի ղեկավարը հերքում է, թե ուղղորդում է համագյուղացիներին:
«Ազատության» հետ զրուցած բնակիչներն էլ ասացին, որ ուղղորդում չեն տեսել և ընտրել են իրենց կամքով:
4/32 ընտրատեղամասում կուտակումներ են: Տեղամասի ղեկավարն ասում է՝ հոսքը մեծ է, տեղը՝ փոքր:
Քիչ առաջ քվեարկեց նաև Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը:
Մեկնաբանելով ընտրողների ակտիվությունը՝ նա ասաց. «Կարողացանք հասցնել մեր ժողովրդին, որ խոսքը ճակատագրական ընտրության մասին է»:
Վերջին օրերի ձերբակալությունները Զուրաբյանը գնահատեց իշխանության խուճապ:
Քննչական կոմիտեն հայտնում է կրկնակի քվեարկության փորձ կատարած անձի ձերբակալման մասին: Ըստ հաղորդագրության՝ առավոտյան ժամը 08:19-ին թիվ 20/56 ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձ Ա.Ս.-ն կատարել է կրկնակի քվեարկության փորձ, որից հետո սարքը «կրկնակի քվեարկության փորձ» գրառմամբ կտրոն է տպել:
Ընտրատեղամասի հանձնաժողովը կտրոնը վերցրել է ԿԸՀ ներկայացնելու համար, որից հետո Ա.Ս.-ն դուրս է հրավիրվել ընտրատարածքից և ներկայացվել է ոստիկանության ծառայողին: Նա ձերբակալվել է:
Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-214-րդ հոդվածի 1-ին մասով (մեկից ավելի անգամ քվեարկելը):
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: