Մատչելիության հղումներ

ԿԸՀ ամփոփած նախնական արդյունքներով՝ ԱԺ են անցնում ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը

Հայաստանում հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին

04:35

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը գիշերը հայտարարությամբ հանդես եկավ՝ «խայտառակ» որակելով ընտրությունները:

«Դուք բոլորդ այս մեկ ամսում տեսաք՝ ինչ հալածանքների էինք մենք ենթարկվում, ինչ բռնությունների էինք մենք ենթարկվում: Մեզանից, մեր թիմակիցներից մոտ 75 հոգի այսօր կալանավորված են, 700-ից ավել մարդ ձերբակալվել են, և այս մարդիկ նույնիսկ չհանգստանալով՝ որոշեցին ընտրությունների օրը անհասկանալի գործերով զբաղվել: Նույնիսկ աշխարհի պատմության մեջ չի եղել դեպք, երբ հաշվարկի ժամանակ ընդհատում են ու ասում են՝ «առավոտյան 9-ին կներկայացնենք արդյունքները», - հայտարարեց տնային կալանքում գտնվող ռուսաստանցի գործարարը:

Կարապետյանի պնդմամբ՝ «տեսնելով, որ խայտառակ ձևի իրենց արդյունքները նվազում են, և ամեն րոպե նվազում են, իրենք կանգնեցրին հաշվարկը, և մենք նույնիսկ չենք հասկանում՝ առավոտյան ինչ են ներկայացնելու»:

«Վստահ եղեք՝ ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրական արդյունքները դեռ չկան, [...] ինքը, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը», - հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը:

«Անպայման առավոտյան վերջնական արդյունքները ունենալուց հետո մենք նոր կարող ենք ասել և անպայման հայտարարությամբ հանդես կգանք ընտրության արդյունքների մասին», - ասաց Կարապետյանը:

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջում շարունակում է թարմացնել տվյալները, և արդեն ամփոփված են 2005 ընտրատեղամասերի կեսից ավելիի՝ 1029 տեղամասերի նախնական արդյունքները:


04:32

«Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պնդում է, որ նախքան ընտրությունների արդյունքների ամփոփումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի մասին «պարզապես ԿԸՀ-ի վրա ճնշում գործադրելու և իշխանությունը յուրացնելու քայլեր են»։

«Առանց ընտրվելու՝ դատական համակարգին հրահանգավորելուց առաջ, դու դեռ պետք է պատասխան տաս այսօր գրանցված բոլոր ընտրախախտումների համար։

... Այս պահին զբաղված ենք ընտրատեղամասերից ստացվող տվյալների մշակմամբ։ Հիշեցնեմ՝ ԿԸՀ-ն այս պահին ամփոփել է ընտրատեղամասերի մեկ քառորդի արդյունքները։ Վերջնարդյունքների և անելիքների մասին կխոսենք տվյալների ամփոփումից հետո», - Ֆեյսբուքում գրել է Սաղաթելյանը:

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, իր հերթին, Ֆեյսբուքում գրում է. - «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն միանձնյա ձևավորում է Կառավարություն և հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է, և վերազանցում է վարչապետի լիազորությունները: Կառավարության ղեկավարը չունի իրավասություն հանդես գալու հայտարարությամբ և հայտարարելու իր միանձնյա հաղթանակի մասին, երբ քվեարկության արդյունքների 10 տոկոսից մի փոքր ավելին է հաշվարկված, երբ Երևանում քվեարկության արդյունքների 10 տոկոսն էլ ամփոփած չէ»:

«Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը համարում ենք ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն, որը քրեորեն պատժելի է», - հայտարարում է նախկին ՄԻՊ-ը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը ևս ընդգծում է, որ Փաշինյանը հայտարարությունն արեց, երբ քվեարկության արդյունքների մոտ 10 տոկոսն էր ամփոփված:

«Սպասենք՝ մեծ դաշինքները տենանք ինչ են ասում», - հայտարարում է Մարուքյանը սոցցանցերում հրապարակած տեսանյութում:

«Տվյալները չկան՝ մարդը ասում է «ես հաղթել եմ»: Ընտրական օրենսդրության բոլոր նորմերի ոտնահարում է, բոլոր», - պնդում է «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը:

02:54

Ընտրությունների արդյունքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն: Այս մասին հայտարարեց կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի լույս 8-ի գիշերը կայացած ասուլիսի ժամանակ:

«Ուզում եմ ընդգծել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի համեմատ ստացել է Հայաստանի Հանրապետության ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն», - ասաց Փաշինյանը:

«Սա պատմական հաղթանակ է, որը միանշանակ ապահովելու է Հայաստանի Հանրապետության հարատևությունը, զարգացումը, և, իհարկե, մենք ունենալու ենք տևական և ինստիտուցիոնալ խաղաղություն», - վստահեցրեց գործող վարչապետը:

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք խնդրահարույց չէ իր հայտարարությունը, քանի դեռ ամփոփված չեն բոլոր ընտրատեղամասերի արդյունքները, Փաշինյանն արձագանքեց. - «Գիտե՞ք, մենք բոլոր ընտրական տեղամասերում ունենք վստահված անձինք, և ունենք արձանագրությունները, և մենք մեր սեփական հաշվարկներն ենք անում»:

01:01

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 185 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները:

Ըստ այդմ՝ ընտրությունների 48 հազար 180 մասնակիցներից 26 հազար 10-ը կամ 55.08 տոկոսը քվեարկել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 10 հազար 488-ը կամ 22.21 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի, 4 հազար 260-ը կամ 9.02 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 2 հազար 301-ը կամ 4.87 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին:

Մյուս քաղաքական ուժերը ըստ այդ տվյալների չեն հաղթահարում անցողիկ շեմը:

00:56

Երևանի թիվ 9/22 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 361 ձայն, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 342, «Հայաստան»-ը՝ 177, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 13 քվե:


00:40

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 131 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները:

Ըստ այդմ՝ ընտրությունների 25 հազար 633 մասնակիցներից 14 հազար 161-ը կամ 56.04 տոկոսը քվեարկել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 5 հազար 526-ը կամ 21.87 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի, 2 հազար 195-ը կամ 8.69 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 1 287-ը կամ 5.09 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին:

Մյուս քաղաքական ուժերը ըստ այդ տվյալների չեն հաղթահարում անցողիկ շեմը:


00:29

Դավթաշենի թիվ 5/1 ընտրատեղամասում 1 979 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1 138-ը՝ 57տոկոսը:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 516 ձայն, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 327, «Հայաստան» դաշինքը՝ 86, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 36 քվե:

00:25

Երևանի թիվ 5/1 ընտրատեղամասում խորհրդարանական ընտրություններին 1979 ընտրողից մասնակցել է 1138-ը՝ 57 տոկոսը:

Քվեարկության արդյունքներով առաջին տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 516 ձայնով, երկրորդ տեղում «Ուժեղ Հայաստանն» է 327 ձայնով:

«Հայաստան» դաշինքը ստացել է 86 ձայն, «Բարգավաճ Հայաստանը»՝ 36, ԴՕԿ-ը՝ 29: «Հանրապետություն» կուսակցության օգտին քվեարկել է 22 հոգի: «Նոր ուժը» ևս ստացել է 22 ձայն:

Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը և «Միասնության թևեր»-ը ստացել են 21-ական ձայներ: «Բոլորին դեմ եմ»-ի օգտին քվեարկել է 15 անձ:

Մնացած ուժերը միասին ստացել են 27 ձայն:

00:22

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսեց խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումը:

Ըստ հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների՝ ամփոփվել են 110 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները:

Ըստ այդմ՝ ընտրությունների 19 հազար 654 մասնակիցներից 11 հազար 73-ը կամ 57.14 տոկոսը քվեարկել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 4 հազար152-ը կամ 21.43 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի, 1 590-ը կամ 8.21 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 988-ը կամ 5.10 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին:

Մյուս քաղաքական ուժերը ըստ այդ տվյալների չեն հաղթահարում անցողիկ շեմը:


23:49 7.6.2026

Արմավիրի Նորապատում գյուղի թիվ 16/05 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 634 քվե: 165 ձայնով երկրորդ տեղում «Ուժեղ Հայաստանն» է: «Հայաստան» դաշինքը ստացել է 61 ձայն, ԲՀԿ ն՝ 16:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG