«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ին ձերբակալելու որոշում է կայացվել, հայտնում է Քննչական կոմիտեն:
Ըստ հաղորդագրության՝ բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցակիցների տեսակները (46) - հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ դրան հարկադրելը (236)) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը):
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Նախօրեին Գլխավոր դատախազությունը դիմումներ էր ներկայացրել ԿԸՀ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ:
Դիմումները վերաբերում էին Արթուր Աբրահամյանին, Աշոտ Սահակյանին, Սուսան Բադոյանին, Վահե Եղիազարյանին, Հայկ Ավագյանին, Վահե Թավաքալյանին:
Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն: