Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային օգնության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային օգնություն տրամադրելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու օրինագծին։

Փաստաթղթին կողմ է քվեարկել 226 կոնգրեսական, դեմ՝ 195-ը։ Օրինագիծը ուժի մեջ մտնելու համար այն դեռ պետք է հաստատի Սենատը։

Օրինագիծը նախատեսում է Ուկրաինայի վերականգնման հատուկ հիմնադրամի ստեղծում, ինչպես նաև վերականգնում է ԱՄՆ նախագահի լիազորությունները՝ Ուկրաինային և Արևելյան Եվրոպայի երկրներին պաշտպանական գույք փոխանցելու` վարկի կամ վարձակալության մեխանիզմներով։

Փաստաթղթով Պենտագոնը մինչև 2027 թվականի ավարտը կկարողանա Ուկրաինային հետախուզական աջակցություն տրամադրել։ Պետդեպարտամենտն էլ պարտավորվում է ուժեղացնել Բալթյան երկրների զինված ուժերի և սահմանային կառույցների կարողությունները։

Օրինագիծը նաև ընդլայնում է Ռուսաստանի վրա ճնշման գործիքները։ ԱՄՆ նախագահը հնարավորություն կստանա լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել, արգելափակել ռուսաստանցի անձանց և կազմակերպությունների ակտիվները, ինչպես նաև նոր արտահանման սահմանափակումներ և մաքսատուրքեր կիրառել։

Սենատում օրինագծի քննարկումը կլինի հաջորդ առանցքային փուլը։ Այնտեղ դրա ճակատագիրը կախված կլինի դեմոկրատների և հանրապետականների ուժերի հարաբերակցությունից, քանի որ հանրապետականների մի մասը հանդես է գալիս արտաքին օգնության ծավալները կրճատելու օգտին։

XS
SM
MD
LG