Մատչելիության հղումներ

«Հարձակվել են, հարվածել դեմքիս ու գլխիս». Նաիրի Հոխիկյան

Ընդդիմադիր հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը պնդում է՝ Նորակերտի բնակիչ Գևորգ Խաչատրյանն ու նրա որդին երեկ իր տան մոտ հարձակվել են իր վրա, հայհոյել, հարվածել դեմքին ու գլխին:

Գևորգ Խաչատրյանն ու որդին, ըստ Հոխիկյանի, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ են և իր հետ հաշվեհարդար են տեսել ՔՊ-ի դեմ աշխատելու համար:

«Սկզբում, թե՝ «մենք եկել ենք պահանջելու, որ բացատրես, թե ինչու ես մեր դեմ աշխատում», ասում եմ՝ ձեր դեմ, ո՞ւմ դեմ, «ՔՊ-ի», - պատմեց Հոխիկյանը:

Նաիրի Հոխիկյանը նախկինում լրագրող է եղել, հիմա ընդդիմադիր հանրային գործիչ է: Իշխանություններին կոշտ քննադատում է հատկապես 44-օրյա պատերազմից հետո, Արցախի կորստի համար Նիկոլ Փաշինյանին է մեղադրում: Որևէ կուսակցության անդամ չէ: Ընտրություններում էլ որևէ ուժի ցուցակում չկա: Մի քանի օր առաջ իշխող կուսակցության նախընտրական պաստառի մասին մի հրապարակում է արել: Այն Նորակերտի մանկապարտեզի պատին է փակցված եղել, որը օրենքի խախտում է, Նաիրի Հոխիկյանի պահանջով տեղափոխել են ուրիշ տեղ: Ու իր գրառման մեջ նշել է, թե գյուղի Լուսոն է տարել ու փակցրել գյուղում մի շենքի պատի, որ հայտնի է Իլիչի գոմ անունով:

«Ցույց են տալիս մի հրապարակում, որ արել եմ, որտեղ անդրադարձել եմ այն թեմային, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օրենքով արգելված վայրում պաստառ է փակցրել, դիմել եմ ԿԸՀ, ոստիկանություն, եկել են ու պոկել են: Ես նշել եմ, որ ինձ գյուղից տեղեկացրել են՝ ինչ-որ Լուսինե եկել ու պոկել է այդ պաստառը: Ասում եմ՝ ո՞ւր է ասյտեղ ձեր դեմ ինչ-որ բան, ասում է՝ «Լուսիսնեն ես եմ», հարցնում են՝ ո՞նց դու ես, ես տեսնում եմ Գևորգ Խաչատրյան, ի՞նչ Լուսինե, ասում է՝ «դու չգիտե՞ս Լուսինեն ով է», - ներկայացրեց Հոխիկյանը:

Ո՞վ է Լուսինեն, ում անունը հիշատակելը վիրավորել է Գևորգ Խաչատրյանին, Հոխիկյանն ասաց՝ չի ասել: Խաչատրյանն ու որդին հայհոյել են իրեն, վիրավորել ու սկսել հարվածել, պատմում է Նաիրի Հոխիկյանը;

«Ես նկատում եմ, որ մեկը գրպանից ինչ-որ բան է փորձում հանել, մյուսը չի թողնում, քաշքշոց, սեռական բնույթի հայհոյանք, ծնողներին ուղղված հայհոյանք ու հարձակում ինձ վրա», - նշեց նա:

Այդ պահին Նաիրի Հոխիկյանի կինն ու երեխաներն էլ են տանը եղել: Մտածել է, որ ՔՊ-ականներն իրեն լավ բանի համար չեն այցելի ու տնից դուրս գալիս բակի սեղանից որդու խաղալիք ատրճանակն է վերցրել այն մտքով, որ եթե հանկարծ իրավիճակը սրվի ուղղակի գրպանից կհանի ու կվախեցնի, որ հեռանան, պատմում է Նաիրին. «Իրենք հստակ եկել էին հարձակում գործելու, անգամ փորձ է արվել դարպասից ներս մտնել: Ես ընդամենը այդ խաղալիքը հանել եմ, վերև եմ պահել, ասել եմ՝ փախեք այստեղից, բոլորը տեսել են, սրանք նստել են մեքենան, փախել են»:

Խաղալիք ատրճանակը տեսնելով՝ ՔՊ-ականները նստել են մեքենան ու հեռացել են: Ըստ Նաիրի Հոխիկյանի, ոստիկանություն են ահազանգել, թե իրենց զենքով հետապնդել են: Իրավապահները ժամանել են դեպքի վայր, արձանագրություն կազմել, զննել գնդիկներ կրակող խաղալիք ատրճանակը. «Այդ չակերտավոր ատրճանակը ևս վերցրեց, ոստիկանները ծիծաղում էին:

Հետո էլ Նաիրի Հոխիկյանն է ոստիկանություն հաղորդում ներկայացրել իր նկատմամբ բռնություն գործադրելու համար: Հոխիկյանը պնդում է՝ ՔՊ-ականներն իրեն թիրախավորել են քաղաքական հայացքների պատճառով. «Գործ պիտի հարուցվի իմ նկատմամբ խուլիգանության հոդվածով, որովհետև իմ տան վրա հարձակում է եղել»:

Այս դեպքով քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանության, հոգեկան ու ֆիզիկական ներգործության հատկանիշներով: Գործը հարուցվել է կողմերի հաղորդումների հիման վրա: Նաիրի Հոխիկյանի վրա հարձակված ու նրան հարվածներ հասցրած անձանցից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Քննչականից «Ազատությանը» հայտնեցին՝ նախաքննություն է կատարվում դեպքի հանգամանքները պարզելու համար:

Ի՞նչն է ստիպել Գևորգ Խաչատրյանին որդու հետ Նաիրի Հոխիկյանի տուն հասնել ու վեճի բռնվել: Արդյոք նրան պատժելու նպատա՞կ է ունեցել իրենց թիմի դեմ աշխատելու համար: Ո՞վ է այդ Լուսինեն, որի անունը Հոխիկյանի գրառման մեջ տեսնելիս վիրավորվել է: Գևորգ Խաչատրյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, խոստացավ խոսել ուշ, երբ նպատակահարմար կհամարի: Մինչև նրան զանգելը, տուն էինք գնացել մի կին դուրս եկավ, ասաց՝ տանը չէ ու հրաժարվեց մեզ հետ խոսել:

Նախընտրական պայքարի այս սրված փուլում սա միակ միջադեպը չէ: Երեկ գիշեր էլ ընդդիմադիր ակտիվիստ Արմեն Ալեքսանյանն է ահազանգել, որ իր մեքենան այրել են: Նա պնդում է, թե իր քաղաքական հակառակորդներն են արել:

«Մեքենայիս մեջ սալյարկով շիշ եմ հայտնաբերել: Փորձում են ինձ լռեցնել, որ չխոսեմ, ակտիվ չլինեմ, սա ինձ չի ընկճում», - ասաց նա:

Այս դեպքով էլ որևէ մեկի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել: Քննչականից հայտնում են, որ գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպքով քրեական վարույթ են նախաձեռնել:




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG