Մատչելիության հղումներ

Ռուսաստանը սպառնում է Կիևին նոր հարվածներով

Ռուսաստանը նոր հարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին և հայտարարում Կիևի ուղղությամբ «համակարգված» հարվածների ծրագրերի մասին՝ օտարերկրացիներին հորդորելով լքել քաղաքը։

Երեկ գիշեր Մոսկվան հարվածել է Օդեսային․ տեղական իշխանությունների տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։

Ավելի վաղ հարվածի էր ենթարկվել նաև Կրամատորսկը։ Վերջին տվյալներով՝ այնտեղ վիրավորվել է 12 մարդ, այդ թվում՝ երեխա։

Ռուսաստանը նախօրեին սպառնացել էր նոր հարվածներ հասցնել Կիևին՝ մայիսի 24-ի գիշերվա զանգվածային հարձակումից հետո, որի հետևանքով բազմաթիվ շենքեր ավերվել կամ վնասվել էին, երկու մարդ զոհվել էր, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։

Ռուսական կողմի հայտարարությունում նշվում էր, որ Մոսկվան մտադիր է «համակարգված» հարվածներ հասցնել «ռազմական ձեռնարկություններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարական կետերին»։ Օտարերկրացիներին, այդ թվում՝ դիվանագետներին, առաջարկվել էր լքել Կիևը։

Ավելի ուշ հաղորդվեց, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զանգահարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ այդ տեղեկությունը «պաշտոնապես փոխանցելու» համար։

Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է վախեցնել արևմտյան դիվանագետներին, սակայն, նրա խոսքով, «պետք չէ տրվել ռուսական շանտաժին»։

Կիևում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Կատարինա Մատերնովան էլ հայտարարել է, որ Ռուսաստանի նախազգուշացման նպատակը խուճապ տարածելն է։

XS
SM
MD
LG