Մատչելիության հղումներ

Փաշինյանը հայտարարեց՝ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական, Ծառուկյանն արձագանքեց՝ «հայրենիքը չեմ փոխի ունեցվածքի հետ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Լոռիում քարոզարշավը սկսեց քաղաքական հակառակորդներին ուղղված քննադատությամբ: Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ասաց՝ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի «բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է ՀՀ-ին»:

«Որովհետև էդ Գուլոյան-Ծառուկյան [Խոսքը Կոտայքի նախկին մարզպետ, Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի մասին է-խմբ.] մաֆիայի մախինացիան բացահայտվել է և ՀՀ կառավարությունն արդեն գրություն է ստացել ՀՀ դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման, և առաջիկայում՝ շատ արագ, մենք ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտում ենք նշանակելու կառավարիչ»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, թե այս պահից սկսած գործարանի աշխատակիցները «Ծառուկյանի և Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, քանի որ նրանց գործատուն այլև Հայաստանի Հանարապետությունն է»:

Արձագանքելով իրեն պատկանող «Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությանը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե դրանով իրեն չեն վախեցնի:

«Ինձ ասել էին՝ պարոն Ծառուկյան, որ դու սկսում ես ճիշտ քննադատել, ինքը իրա տեղը չի գտնում, Ձեր սեփականությանը վնաս են տալու, արդեն հանձնարարություն ստացել են: Ես ասել եմ՝ իմ հայրենքը իմ ունեցվածքով չեմ կարա փոխեմ, այսինքն, էսօր 20 տարի առաջ սեփականաշնորհված գործարանն ասում ա Ծառուկյանից վերցնելու եմ, տամ ժողովրդին: էլի ժողովրդինն ա, աշխատում են, հարկերը տալիս ենք, ինչ վերցրել ենք, մի բան էլ քարը քարին դրել զարգացրել ենք: Դրանով ուզում են Ծառուկյանին վախեցնել: Հակառակը՝ ինչ կա ասելու եմ», - հայտարարել է Սյունիքում քարոզարշավ անող Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդը շեշտեց նաև.- «Օրինական կա, առել ենք, ամեն ինչն էլ իրա տեղում է, 25 տարի անցել է, նո՞ր են հիշել: Հարկերն էլ տալիս ենք: Սա նշան է, որ նրանք զգում են, որ իրենց վերջը եկել է»:

Ծառուկյանն ու նրա հարազատներն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով: «Դատալեքս»-ում հրապարակված գործի նյութերի համաձայն՝ պետությունը ի թիվս այլ գույքերի պահանջում է նաև բռնագանձել Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի 237.753 հատ բաժնետոմս: «Արարատցեմենտ»-ի առնչությամբ կայացված դատական ակտի մասին տվյալներ «Դատալեքս»-ում չկան:

Այսօր ավելի ուշ Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ ուսումնասիրել է Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ օտարված՝ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը և հայտնաբերել է մի շարք խախտումներ:

«Ուսումնասիրությամբ ձեռք բերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի կապակցությամբ դատախազը 2026 թվականի մայիսի 5-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: Հաղորդման հիման վրա 2026 թվականի մայիսի 7-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) հատկանիշներով», - ասված է Դատախազության հաղորդագրությունում:

Մայիսի 5-ին Դատախազությունը նաև գրություն է հասցեագրել Կառավարություն՝ «առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը»:

ԲՀԿ առաջնորդն ավելի վաղ պնդել էր, որ քարոզարշավն անցնում է վախի, աշխատանքից ազատելու սպառնալիքների ներքո:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG