Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առաջիկա օրերին կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին, եթե դիվանագիտական ջանքերը չհանգեցնեն Թեհրանի հետ համաձայնություն ձեռք բերելուն:

Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդներն իրեն խնդրել են հետաձգել հարձակումը՝ պնդելով, թե կկնքվի համաձայնագիր, որը «շատ ընդունելի» կլինի ԱՄՆ-ի համար: Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել է, որ Իրանի դեմ նոր հարձակում արտոնելուն մեկ ժամ էր մնում, երբ նա որոշեց հետաձգել այն։

Հարցին, թե որքա՞ն ժամանակ է տալիս Իրանին՝ համաձայնության հասնելու համար, նախագահը պատասխանել է՝ «երկու կամ երեք օր»։

«Գուցե ուրբաթ, շաբաթ, կիրակի, գուցե գալիք շաբաթասկիզբ, - ասել է Թրամփը՝ հավելելով, որ ժամանակը սահմանափակ է, քանի որ «չենք կարող թույլ տալ, որ նրանք [Իրանը] միջուկային զենք ունենան»։

«Հուսով եմ՝ մենք պատերազմ չենք սկսի, բայց գուցե ստիպված լինենք նրանց ևս մեկ մեծ հարված հասցնել։ Դեռ վստահ չեմ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է նախագահ Թրամփը:

Իրանի զինված ուժերի խոսնակ Մոհամմադ Ակրամինիան զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն վերսկսի իր հարձակումները, Իսլամական Հանրապետությունը «նոր ճակատներ կբացի» Միացյալ Նահանգների դեմ:

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ ավիահարվածները փետրվարի 28-ին մեկնարկեցին։ Ապրիլի 8-ից կողմերն անժամկետ հրադադարի ռեժիմում են գտնվում։

Իրանը, սակայն, շարունակում է փաստացի անանցանելի պահել համաշխարհային նավթի և գազի մատակարարումների համար կարևոր Հորմուզի նեղուցը, իսկ ԱՄՆ-ն, իր հերթին, շրջափակման է ենթարկում իրանական նավահանգիստները։


XS
SM
MD
LG