Վարորդական իրավունքներից զրկված քաղաքացիները տևական ժամանակ է, ինչ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով համաներում։
Այսօր՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ վերադարձնել նրանց վարորդական իրավունքները՝ որոշակի պայմաններով:
Փաշինյանը նախ արձանագրեց, որ վարորդական իրավունքից զրկվելուց հետո մեկ տարի ոչ մի տարբերակ չի լինի այն վերականգնելու համար, այսինքն՝ «մեկ տարվա պաուզա» է լինելու։
«Նրանք, ում դեպքում մեկ տարին արդեն լրացել է, մենք առաջարկում ենք, որ հնարավորություն ունենան վերականգնվելու՝ առանց քննության։ Որ պահին վերականգնվեց, վարորդին տրվում է ոչ թե 13 բալ, այլ՝ 6 բալ։ Եթե մեկ տարվա ընթացքում մարդը իրավունքից չի զրկվում, արդեն վերադառնում է սովորական՝ լիարժեք ռեժիմին, 13 բալին»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետը հավաքվածներին հավաստիացրեց, որ խնդիրը հնարավոր է լուծել սեղմ ժամկետներում, սակայն պետք է նախ և առաջ այն դնել հանրային քննարկման, «ստանալ հասարակության դրական արձագանքը»։
Հավաքածները գոհունակությամբ ու ծափահարություններով ընդունեցին վարչապետի առաջարկը, վանկարկելով՝ «Նիկոլ, վարչապետ»։
Ավելի վաղ Ներքին գործերի նախարարությունից հաղորդել էին, որ միայն 2025-ին վարորդական իրավունքից զրկվել է 5450 մարդ։ Միաժամանակ արձանագրվել է վարորդական իրավունքից զրկվածների կողմից մեքենա վարելու 9466 դեպք, ընդ որում, այդ դեպքերը վերջին հինգ տարիներին գրեթե քառապատկվել են։
Վերջին ամիսներին վարորդական իրավունքից զրկված մի շարք քաղաքացիներ բողոքի ցույցեր են իրականացրել Կառավարության շենքի դիմաց՝ խնդրելով համաներում կիրառել և վերականգնել իրենց վկայականները:
Ընդդիմախոսները պնդում են, որ անապատժելիությունը կավելացնի ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, որոնց հետևանքով 2025-ին զոհվել է 283 մարդ,7073-ը՝ վնասվածքներ ստացել։