Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Միացյալ Նահանգներին և Իրանին կոչ է արել համատեղ վերաբացել Հորմուզի նեղուցը։
«Ամենից առաջ մենք ուզում ենք Միացյալ Նահանգների և Իրանի կողմից համակարգված վերաբացում, դա Հորմուզի նեղուցի վերաբացման միակ լուծումն է, որը թույլ կտա Հորմուզի նեղուցը վերաբացել մշտապես, ապահովել ազատ նավարկությունը և դա անել առանց սահմանափակումների կամ վճարների»,- ասել է Մակրոնը Հայաստանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ:
«Մենք չենք մասնակցելու որևէ ռազմական գործողության, որի շրջանակն ինձ համար պարզ չէ», - ասել է Ֆրանսիայի առաջնորդը։
«Եթե Միացյալ Նահանգները պատրաստ է վերաբացել Հորմուզի նեղուցը, դա շատ լավ է։ Դա այն է, ինչ մենք խնդրել ենք հենց սկզբից», - հավելեց Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը նաև ընդգծեց Լիբանանում հրադադարի պահպանման կարևորությունը:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այսօրվանից ամերիկյան ուժերը կսկսեն ուղեկցել «չեզոք» երկրներին պատկանող նավերին, որպեսզի դրանք կարողանան դուրս գալ Հորմուզի նեղուցից: Սակայն Դոնալդ Թրամփը չի մանրամասնել, թե ինչպես:
Truth Social-ում արած գրառման մեջ Թրամփն այս քայլը «մարդասիրական» ժեստ է անվանել, որպեսզի այդ նավերը կարողանան ազատ շարունակել իրենց աշխատանքը։
Թրամփը նաև զգուշացրել է, որ գործողություններ կձեռնարկվեն, եթե Իրանը փորձի միջամտել ամերիկյան առաքելությանը։ «Եթե որևէ կերպ միջամտություն լինի այս մարդասիրական գործընթացին, դժբախտաբար, ստիպված կլինենք ուժով արձագանքել»,- գրել նա:
Պատերազմի սկսվելուց ի վեր Իրանը խիստ սահմանափակել է ջրային այս կարևոր ուղով երթևեկությունը, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ ԱՄՆ-ն իր հերթին շրջափակել է իրանական նավահանգիստները։