Մատչելիության հղումներ

Թրամփը Նեթանյահուին կոչ է արել խուսափել Լիբանանում պատերազմի լիակատար վերսկսումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ասել է, որ Իսրայելը պետք է Լիբանանում իրականացնի միայն թիրախային ռազմական գործողություններ և խուսափի պատերազմի լիակատար վերսկսումից։

«Ես Նեթանյահուին ասացի, որ նա պետք է դա ավելի թիրախային անի։ Ոչ թե շենքեր քանդի։ Նա չի կարող դա անել։ Դա չափազանց սարսափելի է»,- Axios-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը:

Նախօրեին հաղորդվեց, որ Իսրայելի բանակը շարունակել է գործողությունները Լիբանանի հարավում՝ թիրախավորելով Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի օբյեկտները: Կան զոհեր: Վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ հայտնել էր, որ «Հեզբոլա»-ի կողմից կիրառվող հսկայական թունել են պայթեցրել, ոչնչացրել նրանց ենթակառուցվածքները:

«Մենք սպանում ենք բազմաթիվ ահաբեկիչների, և դեռ չենք ավարտել։ Մենք գործում ենք անվտանգության գոտում ... Մի քանի շաբաթ առաջ հրահանգցի անօդաչուների սպառնալիքը վերացնելու հատուկ նախագիծ սկսել։ Դա ժամանակ կպահանջի, բայց դա էլ կպայթեցնենք», - ասել է Նեթանյահուն:

Արտգործնախարարն էլ հայտարարել էր, թե Իսրայելը Լիբանանի հանդեպ տարածքային նկրտումներ չունի: Գիդեոն Սաարը վստահեցրել է, որ Լիբանանում իսրայելական զորքի ներկայության միակ նպատակն է ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը:

ՄԱԿ-ը զգուշացրել է, որ Լիբանանում ավելի քան 1.2 միլիոն մարդ կարող է սուր սովի մատնվել պատերազմի պատճառով։


XS
SM
MD
LG