Մատչելիության հղումներ

Իրանից հայտնում են՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել

Իրանի արտաքին գործերի նախարարությունից այսօր հայտարարել են, որ դեռևս որոշում չի կայացվել՝ մասնակցե՞լ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին, թե ոչ։

«Այս պահին մենք բանակցությունների հաջորդ փուլի ծրագրեր չունենք, և այս առումով որևէ որոշում չի կայացվել», - ճեպազրույցի ժամանակ ասել է նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:

Բաղային հավելել է, թե ԱՄՆ-ն ցույց է տվել, որ «լուրջ չէ» դիվանագիտական գործընթացը շարունակելու հարցում: Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը հստակորեն արտահայտել է իր պահանջները և չի փոխելու դրանք:

Բաղային նաև ասել է, որ Իրանը չի հավատում վերջնաժամկետներին կամ վերջնագրերին, երբ խոսքը վերաբերում է երկրի պետական շահերի պաշտպանությանը: Ապա հավելել է՝ միջուկային պաշարները երկրից դուրս հանելը երբեք սակարկման առարկա չի եղել բանակցությունների ժամանակ։

Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի ժամկետը լրանալու է չորեքշաբթի օրը: ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն այսօր կժամանեն Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու:

XS
SM
MD
LG