Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչները երեքշաբթի օրը Վաշինգտոնում կհանդիպեն՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ վարելու համար, հաղորդում է AFP-ն:
Լիբանանյան «Հեզբոլա» շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը կոչ է արել չեղյալ հայտարարել բանակցությունները նախքան դրանց սկսվելը՝ դրանք որակելով «անօգուտ»։
Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլան» հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության: «Հեզբոլլա»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային և օդային նոր հարձակմանը։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջնորդությամբ կայանալիք հանդիպմանը կմասնակցեն Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի դեսպանները, ինչպես նաև Բեյրութում ԱՄՆ դեսպանը։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կառավարությանը հանձնարարել էր Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ սկսել՝ կենտրոնանալով Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլա»-ի զինաթափման վրա։
Իսրայելի վարչապետի հայտարարությունից մեկ ժամ առաջ էլ Լիբանանի նախագահն ասել էր, որ «Լիբանանում ստեղծված իրավիճակի միակ լուծումը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի հասնելն է, որին կհաջորդեն նրանց միջև ուղիղ բանակցությունները»։