Հայաստանի քարտեզները մեծ ու փոքրին բաժանելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտից Արմավիրի մարզում էր: Վերանորոգված մանկապարտեզներով ու դպրոցներով շրջելով՝ վարչապետն ընթացքում ոտքի վրա արագ շփվում էր հատուկ իրեն սպասող բնակիչների հետ: Հավաքվածները հիմնականում շնորհակալություն էին հայտնում վարչապետին, վստահեցնում, թե իրեն են ընտրելու:
Փաշինյանին Արմավիրի մարզում ուղեկցում էին տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը և Արմավիրի մարզպետը:
«Պրոբլեմ չունես, ոտքդ գազից չվերցնես», - ասաց բնակիչներից մեկը:
«Չէ, էդպես չի լինի, որ ասում եք՝ «ոտքդ գազից չվերցնես», վերջը պավառոդ կա, բան կա», - արձագանքեց Փաշինյանը, ինչին ի պատասխան բնակիչներից մեկն ասաց. «Ինչի՞ Պուտինի մոտը լավ էլ գազ տվեցիր»:
«Բարեկամական զրույց էր, դա է», - հակադարձեց վարչապետը:
«Ոտքը գազից» չվերցնելուց բացի՝ Փաշինյանին ուղղված այլ հորդորներ էլ կային: Մի տարեց տղամարդ փորձեց բոլորից թաքուն վարչապետի ականջին շշնջալ, բայց նրա խոսքը լսելի դարձավ. հորդորը վերաբերում էր նախկիններից ազատվելուն:
Փաշինյանը բնակիչների հետ երկար չէր շփվում, շտապում էր այցելել Վաղարշապատի համայնքների նորակառույց մանկապարտեզներ ու դպրոցներ: Մանրակրկիտ ստուգում էր ամեն ինչ՝ գույքը, անկողինները, խոհանոցային պայմանները, սանհանգույցը: Հետաքրքրվում էր՝ տաք-սառը ջուր կա՞, շուրջօրյա՞ է: Ծորակները բացում էր՝ անձամբ համոզվելու համար: Անգամ հետաքրքրվում՝ ինչո՞ւ մի համայնքի մանկապարտեզի զուգարանում դռներ կան, իսկ մյուսում՝ ոչ:
Փաշինյանը նաև մանկապարտեզների ճաշացանկն էր ճշտում, հերթով բացում կաթսաները: Ճաշերի բույրը վարչապետին դուր էր գալիս:
Արաքս համայնքի վերանորոգված դպրոցում վարչապետն ուշադիր զննում էր կատարված աշխատանքները, անձամբ փորձարկում աթոռների որակը: Փաշինյանը հետաքրքրվում էր նաև լաբորատորիաներով և դպրոցականների կատարած փորձերով:
«Տարբեր օրգաններ ենք հերձել՝ թոքեր, լյարդ ոչխարի», - ներկայացրեց երեխաներից մեկը:
Վաղարշապատի գյուղերում վարչապետին դիմավորող բնակիչները նրան տարբեր անձնական հարցերով էին դիմում, մեկը գերեզմանոց տանող ճանապարհի վերանորոգման, մյուսը՝ գյուղում մարզադաշտի, 3-րդը ջերմոց կառուցելու կարևորության մասին էր խոսում:
Լեռնամերձ գյուղում էլ Փաշինյանը վեճի բռնեց մի բնակչի հետ, որը խնդրում էր իրենց գյուղի դպրոցը չփակել: Փաշինյանը առաջարկում էր, որ այդ համայնքի երեխաները օգտվեն մի քանի կիլոմետր հեռավորության վրա կառուցվող նոր դպրոցի հնարավորություններից՝ ճանապարհները կկառուցեն, ավտոբուսներն էլ կտրամադրեն: Լեռնաձորցին, սակայն, չէր համաձայնում Փաշինյանի փաստարկների հետ՝ զգուշացնելով՝ եթե դպրոցը չլինի, գյուղն էլ չի լինի:
«Էսօր Հայաստանի մարզերում հարյուրավոր գյուղեր դատարկվում են այն պատճառով, որ մարդիկ հասկանում են, որ իրենց գյուղի դպրոցում իրենց երեխաները նորմալ կրթություն չեն ստանալու, դրա համար տուն-տեղ ծախում են, գնում են նորմալ կրթությանը հնարավորինս մոտիկ ապրեն, որ իրենց երեխաները նորմալ մասնագիտություն ստանան, նորմալ կյանքով ապրեն», - ասաց վարչապետը:
Բնակիչը հարցրեց. «Հիմա լրիվ դատարկենք, գնանք քաղաք ապրե՞նք, էս գյուղը բա ի՞նչ անենք»:
Ծառուկյանը վարչապետի թեկնածուի անունը չի ասում, որ «վրան գործ չհարուցեն»
Մարզերում բնակիչները ջերմությամբ դիմավորում են ոչ միայն Փաշինյանին, այլև ընտրապայքարի դուրս եկած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Նրա հետ էլ մարդիկ լուսանկարվում ու նաև ժինգյալով հաց էին հյուրասիրում:
Վարչապետի պաշտոնին չհավակնող Ծառուկյանը, որ քաղաքական «Նոյյան Տապան» է կառուցում, դեռևս գաղտնի է պահում իր վարչապետի թեկնածուի անունը, ասելով, թե ապագայի թեկնածու է:
Արարատի մարզում քաղաքականապես ակտիվ կանայք հարցնում էին՝ ի վերջո է, եթե ԲՀԿ-ն հաղթի՝ ո՞վ է ղեկավարելու երկիրը. «Ժողովուրդն ուզում է իմանա՝ գալիս է պարոն Ծառուկյանին ձայն է տալիս, պարոն Ծառուկյանն անցնում է 51 տոկոսով, ո՞վ է լինելու վարչապետը Հայաստանի Հանրապետության: Եթե պարոն Ծառուկյանը ստացավ 15,8 տոկոս, այդ ձայներն ի՞նչ են լինելու»:
«Այդ ձայները հարյուր տոկոս ոչ հին ղեկավարներին են գնալու, ոչ էլ այսօրվա: Մեզ պետք է ապագայի վարչապետ: Հիմա, որ ասեմ էդ մարդու անունը, վաղը կարողա գործ հարուցեն»:
Ծառուկյանը քննադատում է «Թրամփի խաղաղությունը»
Ծառուկյանը Արարտի մարզի բնակիչների հետ նաև արտաքին քաղաքական հարցեր էր շոշափում, խոսում երաշխավորված խաղաղության մասին ու պնդում՝ ԱՄՆ-ը նախագահը որտեղ խաղաղություն է հաստատել, հիմա պատերազմ է:
«Թրամփի ներկայությամբ յոթ երկրում խաղաղության թուղթ ստորագրեցին, յոթ երկիրն էլ էսօր իրար կոտորում են», - ասաց Ծառուկյանը:
Հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը անցած տարի նախաստորագրվեց Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահի ներկայությամբ: Իշխանությունը պարբերաբար ընդգծում է, որ փաստաթղթի ստորագրումից հետո սահմանին որևէ միջադեպ տեղի չի ունեցել և խաղաղությունն արդեն կայացած փաստ է: