Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն կարող է հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը, վերցնել նավթը և դրանից մեծ կարողություն վաստակել. Թրամփ

ԱՄՆ-ն կարող է հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը, վերցնել նավթը և դրանից մեծ կարողություն վաստակել, պարզապես մի փոքր ավելի շատ ժամանակ է հարկավոր, հայտարարել է Դոնալդ Թրմափը։

«Դա անհավատալիորեն մեծ հնարավորություն կլինի ամբողջ աշխարհի համար, այնպես չէ՞»,- սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահը։

Մինչ այդ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները՝ նշելով, որ ամերիկյան հզոր բանակը դեռ չի էլ սկսել ոչնչացնել այն ամենը, ինչ դեռ մնացել է Իրանում արդեն մեկ ամսից ավելի ընթացող պատերազմից հետո:

«Հաջորդիվ կամուրջներն են, հետո՝ էլեկտրակայանները: Նոր ռեժիմի ղեկավարությունը գիտի, թե ինչ պետք է արվի, և դա պետք է արվի արագ», - նշել է Թրամփը:

Թրամփի հայտարարությունից առաջ ԱՄՆ-ն հարվածել էր Քարաջ քաղաքը Թեհրանին կապող նոր կառուցվող կամրջին, սպանվել էր ութ, վիրավորվել մոտ 100 մարդ:

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ անավարտ կամուրջներին հարվածելը, իրանցիներին չի ստիպի հանձնվել: Արտգործնախարարության խոսնակն էլ հայտարարել է, որ Իրանի կամուրջների վրա հարձակումները համարժեք են «ռազմական հանցագործության՝ Իսլամական Հանրապետության ահաբեկչության ոճով»։

Իրանի բանակի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին էլ զգուշացրել է՝ եթե ԱՄՆ-ն շարունակի այս սպառնալիքները, Իրանը կհարձակվի տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքների և ամերիկացի բաժնետերեր ունեցող տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների վրա։

Թեև Իրավիճակը դեռ չի հանգուցալուծվում Հորմուզի նեղուցի շուրջ, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը, այսօր ջրային այս կարևորագույն ուղիով երկու նավ է անցել, մեկը՝ հեղուկ բնական գազով բեռնված ճապոնական, մյուսն էլ՝ կոնտեյներային ֆրանսիական նավ:

Բահրեյնը ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև է ներկայացրել Հորմուզի նեղուցում ուժի կիրառման մասին

Բահրեյնը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձև է ներկայացրել, որն անդամ պետություններին լիազորում է ուժ կիրառել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու համար: Բահրեյնի արտգործնախարարն ասել է, որ հարցն արագ արձագանք է պահանջում, քանզի Իրանի գործողությունները սպառնում են ողջ աշխարհին:

«Վստահ ենք, որ բանաձևի նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիային, որը երաշխավորում է նեղուցներով անարգել անցման իրավունքը՝ ի տարբերություն այն ամենի, ինչ այսօր անում է Իրանը», - ասել է ՄԱԿ-ում Բահրեյնի դեսպան Աբդուլ Լատիֆ Բեն Ռաշիդ Ալ Զայանին:

Իրանի արտգործնախարարը սադրանք է որակել բանաձևը և կոչ է խուսափել նման քայլից, քանզի դա միայն կբարդացնի իրավիճակը: ՄԱԿ-ում Չինաստանի դեսպանը ևս դեմ է արտահայտվել:

«Ներկա պայմաններում անդամ պետություններին ուժ կիրառելու լիազորություն տալը կնշանակի ուժի անօրինական և անխտիր կիրառման օրինականացում, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի իրավիճակի հետագա սրման և լուրջ հետևանքների», - ընդգծել է Ֆու Կոնգը։

Բանաձևի քվեարկությունը նախատեսված էր այսօր, սակայն հարցը հանվել է օրակարգից՝ առանց բացատրության:

ԱՄՆ-ից հնչող սպառնալիքների ֆոնին Իրանը բանակցում է Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցը համատեղ կարգավորելու կանոնակարգ մշակելու շուրջ: Ասիական շուկաները դրական են արձագանքել այս լուրին: Նավթի գինը, սակայն, դեռ բարձր է՝ 109 դոլարի սահմաններում:

Պատերազմի 35-րդ օրը Իրանն ու Իսրայելը շարունակել են փոխադարձ հարվածները

Իրանը պնդել է, որ ամերիկյան երկրորդ F-35 կործանիչ է խոցել, իսկ օդաչունին դուրս բերելու ամերիկյան փորձը ձախողվել է: ԱՄՆ-ն չի հաստատել դա, օդաչուի ճակատագիրն էլ անհայտ է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ օդային բազմաթիվ հարվածների հետևանքով ոչնչացվել է Թեհրանի Պաստերի ինստիտուտը: Այն Իրանի գիտահետազոտական և հանրային առողջապահական ամենահին հաստատություններից է և կարևոր դեր է խաղում բնակչության առողջության պաշտպանության գործում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում:

Չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի պնդումներին, թե գրեթե լիովին ոչնչացրել են Իրանի հրթիռային կարողությունները, CNN-ի աղբյուրներն ասել են, որ ըստ ԱՄՆ հետախուզության վերջին գնահատականների՝ պահպանվել է Իրանի հրթիռների արձակման կայանքների մոտ կեսը: Իրանը նաև հազարավոր անօդաչուներ, որոնց մոտ 50 տոկոսը դեռ անվնաս է:

Իրանը Քուվեյթում 3-րդ անգամ է հարվածել նույն նավթավերամշակման գործարանին: Քուվեյթում հարձակման է ենթարկվել նաև էլեկտրակայան և ջրի աղազերծման գործարան, ինչի համար Իրանն Իսրայելին է մեղադրել: Խմելու ջրի գործարանին հարվածը լուրջ մտահոգություն է տարածաշրջանի երկրների համար, քանզի Պարսից ծոցում խմելու ջրի մոտ 90 տոկոսը ստացվում է վերամշակված ծովային ջրից:

Աբու Դաբիում առնվազն 12 մարդ է վիրավորվել՝ խոցված հրթիռների բեկորներից: Եմենի հութիներն էլ հայտարարել են, որ բազմաթիվ հրթիռներ են արձակել իսրայելական թիրախների վրա: Իսրայելի բանակը հայտնել է, որը Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի 15 անդամի է սպանել Լիբանանում:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հայտարարել է, որ պարենի համաշխարհային գները մարտին հասել են անցած տարվա սեպտեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակին և կշարունակեն աճել, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը շարունակվի։



Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG