Դատարանը մի քանի օր առաջ որոշել է, որ «Անկախության մեր ճանապարհը» Հանրային հեռուստաընկերության սեփականությունն է, ու ֆիլմի հեղինակը՝ Տիգրան Պասկևիչյանն այն չի կարող ցուցադրել: Օրինակ, «Յութուբ»-ով ու հրապարակային այլ աղբյուրներով էլ չի կարող հանրությանը հասցնել:
«Իրենք դիմել են, որ ինձ արգելեն, որ ես էդ փոքր լսարաններում էլ չկարողանամ ցուցադրել», - ասաց Պասկևիչյանը:
Ֆիլմը վավերագրողին է պատվիրել Հանրային հեռուստաընկերությունը՝ Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ, որ ցուցադրեն 2020-ին: 4,2 միլիոն դրամ են վճարել ու 2020-ից Հանրայինի արխիվում է, Փաշինյանի իշխանության վերջին վեց տարվա ընթացքում ոչ մի անգամ ֆիլմը չի ցուցադրվել:
«Խոսում է նրա մասին, թե ոնց է քայլ առ քայլ Հայաստանի Հանրապետությունը անկախացել, ոնց է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունը: Ես հասկանում եմ, որ սա մի բան է, որը դիսկանֆորտ է պատճառում և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ իր մերձավոր շրջապատին: Այս ֆիլմը եթե Նիկոլ Փաշինյանը նայի, ինքը կընկնի խորը դեպրեսիայի մեջ, թե ինքը ինչ է քանդել, ինչ ոգի է վարի տվել», - նշեց նա:
Հայաստանի անկախության ճանապարհի մասին ֆիլմը ինչո՞ւ պատվիրատուն չի հեռարձակել, հեղինակին այս տարիների ընթացքում չեն պարզաբանել: Պասկևիչյանն ասում է՝ 2023 թվականին նամակ է գրել, առաջարկել է՝ եթե ցույց չեն տալիս, պայմանագիրը վերանայեն ու ինքը սեփական միջոցներով ցուցադրի. «Որևէ պատասխան չեկավ այդ նամակին»:
Պասկևիչյանն անցած տարի Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում է ցուցադրել, մի քանի անգամ նաև փակ սրահներում՝ փոքր խմբի համար, Հանրայինում իմացել են ու դիմել է դատարան: Ոչ թե հեղինակային իրավունքի պաշտպանության, այլ գույքի նկատմամբ սեփականությունը դատարանով հաստատելու, ասում է հրապարակախոսը, ու հիմա նրան դատարանով են արգելում, որ ֆիլմի կրիչը գրպանից հանի:
«Սա Փաշինյանի ուղերձների սպասարկում է», - ընդգծեց Պասկևիչյանը:
Անկախության ճանապարհի մասին ֆիլմը Հանրայինում կողպելը պատահական չէ, վերևից ցուցում է ու պարտադիր չէ, որ դա լինի ուղիղ հրահանգ, ասում է Տիգրան Պասկևիչյանը: Նիկոլ Փաշինյանի ուղերձներն են դրա մասին հաստատում: Ադրբեջանի հետ խաղաղության պատրաստվող վարչապետը երկու շաբաթ առաջ հրապարակային զգուշացրեց Անկախության հռչակագիրը պատերազմի կրակ է: «Ոչ թե Անկախության հռչակագիր է, ինքը կոնֆլիկտի հռչակագիր է», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Ենթադրենք իրենք տենց ահավոր սարսափի մեջ են Ալիևից, թող ցույց չտան: Համալսարանից ինձ զանգում են ասում են՝ «ուզում ենք հրավիրենք, բերեք էդ ֆիլմը ցույց տաք մեր ուսանողներին», ես ասում եմ՝ կներեք, չեմ կարող, որովհետև ես դատի մեջ եմ այդ հարցով: Ի՞նչն է խանգարում, որ ես լոկալ տեղերում ցուցադրություններ անեմ: Էդ նշանակում է, որ իրենք ջերմեռանդորեն են որոշել ծառայել ալիևյան իշխանությանը: Դա նշանակում է, որ մենք շուտով դառնալու ենք ալիևյան իշխանության կցորդը ուղղակի», - ասաց ֆիլմի հեղինակը:
Տիգրան Պասկևիչյանը համոզված է՝ հենց իշխանության գրաքննության հետևանքն է, որ ֆիլմը արգելեցին նաև հրապարակային այլ հարթակներում ցուցադրել: Փաշինյանի ամենօրյա հայտարարությունները գրաքննության ցուցումներ են, որի մասին բաց խոստովանում է: Ցեղասպանության թանգարանի տնօրենին պաշտոնից ազատելու հրապարակային խոստովանությունն էլ է դրա մասին վկայում, պնդում է հեղինակը:
«Իրենք որոշել են բրեժնևյան մեթոդներով իրենց խնդիրները լուծել, դա չի հաջողվի, նախ, որովհետև հիմա ինֆորմացիոն բոլորովին այլ իրավիճակ է, երկրորդը, դա չհաջողվեց նաև Սովետական միության նման հզոր երկրի: Չի հաջողվում, դա աշխարհում փորձված բան է», - ասաց Պասկևիչյանը:
Պասկևիչյանին արձագանքում է Հանրային հեռուսըանկերության տնօրենը
Ֆիլմն արգելված չէ: Պասկևիչյանի մեղադրանքներին արձագանքում է Հանրային հեռուսըանկերության տնօրենը: Հովհաննես Մովսիսյանը պարզաբանել է, թե գրաքննության մասին խոսք չկա, պայմանագրային պարտավորությունները չեն կատարվել: Հեղինակը ֆիլմը չի հանձնել պայմանագրով նախատեսված ժամկետում:
Եթե 2020-ի օգոստոսին չի հասցրել հեղինակը, ինչո՞ւ հաջորդ տարիներին չեն ցուցադրել «Անկախության մեր ճանապարհը»: Հովհաննես Մովսիսյանը, սրան չի անդրադարձել: Պարզաբանել է, թե ինչու են դիմել դատարան:
«Չնայած դրան՝ որոշ ժամանակ անց հեղինակը սկսել է ֆիլմը ցուցադրել առանց իրավատիրոջ՝ Հանրայինի թույլտվության։ Եվ միայն այն պահին, երբ այդպիսի ցուցադրություններից մեկում հեղինակը սկսել է հրապարակային մեղադրանքներ հնչեցնել Հանրայինի հասցեին, առաջացել է անհրաժեշտություն իրավական արձագանքի։ Այդ պատճառով Հանրայինը դիմել է դատարան՝ պաշտպանելու իր իրավունքները։ Հատկանշական է նաև, որ դատական գործընթացի ընթացքում հենց հեղինակը փորձել է հաշտության գնալ», - նշել է Մովսիսյանը։
Որ բոլորը իրավիճակը գնահատեն, ֆիլմը հասանելի դարձնելու տարբերակներ են քննարկում, հայտարարել է Հանրային հեռուստաընկերության տնօրենը: Իսկ ինչո՞ւ հեղինակի՝ գրաքննության պնդումները չեն հերքում հենց Հանրայինի եթերում ֆիլմը ցուցադրելով: Հովհաննես Մովսիսյանը այս մասին ակնարկ անգամ չի արել: Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանն էլ այս հարցին չպատասխանեց: Հրապարակախոսի պնդումները ժխտեց, թե մեր օրերում գրաքննություն գոյություն չունի:
Տիգրան Պասկևիչյանը համոզված է՝ ֆիլմի թեման է խնդիրը: Եթե Հանրայինը ժամանակավրեպ է համարում, թող չարգելեր այն ուրիշ հարթակներում էլ ցուցադրել: Ըստ հրապարակախոսի՝ Փաշինյանն արգելում է ամեն ինչ, ինչ իր կարծիքով խանգարում է իր դիվանագիտությանը: Բայց, թող իմանա, որ ճնշումը բերելու է ավելի ուժեղ հակազդեցության, զգուշացնում է Պասկևիչյանը: