Իսրայելի բանակը հայտարարել է, որ անցած շաբաթավերջին Լիբանանում սպանված լրագրողները եղել են «Հեզբոլա»-ի զինյալ՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։
Լիբանանի Ջեզզին քաղաքում սպանվել էին երեք լրագրողներ՝ Ալի Շոեյբը՝ «Ալ-Մանար» հեռուստաալիքից, Ֆաթիմա Ֆթունին՝ «Ալ-Մայադին» ալիքից, ինչպես նաև Ֆթունիի եղբայրը՝ օպերատոր Մոհամմադ Ֆթունին։
Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Շոեյբը և Մոհամմադ Ֆթունին «գործել են «Հեզբոլա» ահաբեկչական կազմակերպության կազմում՝ լրագրողի անվան տակ»։ Բանակը, այդուհանդերձ, որևէ ապացույց չի ներկայացրել իր այս պնդումների համար։
«Մենք ընդգծում ենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը իր հարվածներն ուղղում է ահաբեկիչների, ոչ թե լրագրողների դեմ», - ասված է բանակի հայտարարությունում։
Շոեյբը «Ալ-Մանար» հեռուստաալիքի փորձառու թղթակից էր, որ տասնամյակներ շարունակ լուսաբանել է Լիբանանի հակամարտությունները։
2023 թվականին Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև նախորդ բախումների մեկնարկից ի վեր, Լրագրողների պաշտպանության կոմիտեն Լիբանանում փաստագրել է առնվազն 11 լրագրողի և մեդիա աշխատողի սպանություն՝ Իսրայելի կողմից։