Մատչելիության հղումներ

Պակիստանում Իրանի դեսպանը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ դեռևս բանակցություններ չեն ընթանում

Պակիստանում Իրանի դեսպանը հայտնել է, որ Պակիստանի նման բարեկամ երկրները փորձում են հիմք ստեղծել Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսության համար և հույս է հայտնել, որ այդ ջանքերը կարող են օգնել ավարտել պատերազմը։

Այդուհանդերձ AFP-ին գրում է՝ դեսպանը հայտարարել է նաև, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև որևէ բանակցություն չի եղել՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկեց դիվանագիտական ջանքերում որոշակի առաջընթացի մասին։

«Մենք նույնպես նման տեղեկություններ լսել ենք լրատվամիջոցներից, սակայն իմ տեղեկություններով և հակառակ Թրամփի պնդումների, մինչև այժմ երկու երկրների միջև ոչ մի բանակցություն՝ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի, տեղի չի ունեցել»,- ասել է դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը՝ հավելելով, որ բնական է, որ բարեկամ երկրները մշտապես խորհրդակցությունների մեջ են երկու կողմերի հետ՝ ագրեսիան ավարտելու համար։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը նախօրեին հայտարարել էր, որ Իսլամաբադը պատրաստ է հյուրընկալել ցանկացած բանակցություն։

Երրորդ օրն է՝ ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ Իրանի հետ բանակցում են պատերազմը դադարեցնելու շուրջ, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հերքում է դա:

Դոնալդ Թրամփն ասել է, թե պետքարտուղարն ու փոխնախագահն են ներգրավված բանակցություններում: Նա պնդել է, թե ռազմական գործողություններն Իրանում «ռեժիմի փոփոխության» են հանգեցրել, և ԱՄՆ-ն հիմա բանակցում է «ճիշտ մարդկանց» հետ, թեև զգուշացրել է՝ «ոչ մեկին» չի վստահում։

Թրամփը կրկնել է՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, ապա ասել, թե Իրանը էներգետիկ ոլորտի հետ կապված խոշոր զիջում է արել ԱՄՆ-ին, սակայն մանրամասներ չի հայտնել։

«Շատ մեծ նվեր էր, որը հսկայական գումար արժե։ Չեմ ասի, թե ինչ նվեր է դա, բայց այն շատ կարևոր մրցանակ էր … Դա ինձ համար մեկ բան է նշանակում՝ մենք գործ ունենք ճիշտ մարդկանց հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը:

XS
SM
MD
LG