Իրանի կարևորագույն ջրային և էներգետիկ ենթակառուցվածքները մեծ վնաս են կրել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների պատճառով, այսօր այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նախարարը։
«Հարձակումները թիրախավորել են տասնյակ ջրի փոխանցման և մաքրման կայաններ և ոչնչացրել կարևորագույն ջրամատակարարման ցանցեր», -այս մասին, ըստ ISNA լրատվական գործակալության, հայտարարել է էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին՝ հավելելով, որ ջանքեր են գործադրվում վնասը վերականգնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին, եթե 48 ժամվա ընթացքում Թեհրանը չվերաբացի ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը։
Հորմուզի նեղուցով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի և նավթամթերքի մոտ 20 տոկոսը։
Վերջին օրերին Իրանը թույլատրել է իր համար բարեկամ համարվող երկրներից մի քանի նավերի անցնելը, միաժամանակ զգուշացնելով, որ կխոչընդոտի այն երկրների նավերին, որոնք, իր խոսքով, միացել են իր դեմ «ագրեսիային»։
Ի պատասխան Թրամփի՝ Իրանը սպառնացել է թիրախավորել տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքները: