Մատչելիության հղումներ

Թրամփը կոչ է անում Ուկրաինային «արագ նստել բանակցությունների սեղանի շուրջ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինային արագ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նա այս հայտարարությունն արեց Air Force One ինքնաթիռում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ է նա ակնկալում Ժնևում կայանալիք եռակողմ բանակցություններից։

«Սրանք կարևոր բանակցություններ են։ Ամեն ինչ շատ պարզ է լինելու։ Ուկրաինան ավելի լավ է արագ նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Սա է ամբողջը, ինչ կարող եմ ասել ձեզ։ Մենք գտնվում ենք այնպիսի դիրքում, որ ցանկանում ենք, որ նրանք նստեն բանակցությունների սեղանի շուրջ», - ասաց Թրամփը։

ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում փետրվարի 17-18-ին։ Ամերիկյան կողմից հանդիպմանը կմասնակցեն Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, իսկ ուկրաինական կողմից՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Խնատովը, արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցյան, Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վադիմ Սկբիցկին և Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան։

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցելու են Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, ով, ըստ Կրեմլի, «կաշխատի առանձին ուղղությամբ»։


XS
SM
MD
LG