Մատչելիության հղումներ

Ուկրաինային անվտանգության երաշխիքները ենթադրում են Արևմուտքի կողմից ռազմական արձագանք. FT

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններ ԱՄԷ-ում, 24-ը հունվարի, 2026 թ.
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններ ԱՄԷ-ում, 24-ը հունվարի, 2026 թ.

Բրիտանական Financial Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Ուկրաինան իր արևմտյան գործընկերների հետ համաձայնեցրել է անվտանգության երաշխիքների նախագիծ, ըստ որի՝ եթե խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանը խախտի հրադադարը, «կամավորների կոալիցիան» պետք է ռազմական պատասխան տան:

Թերթի աղբյուրները հայտնում են, որ ծրագիրը քննարկվել է ուկրաինացի, ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների միջև դեկտեմբերին և հունվարին կայացած մի քանի հանդիպումների ժամանակ։ Այն նաև կքննարկվի չորեքշաբթի և հինգշաբթի օրերին Աբու Դաբիում կայանալիք եռակողմ՝ ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունների ժամանակ:

Financial Times-ի տվյալներով՝ Ռուսաստանի կողմից հրադադարի հնարավոր խախտմանն արևմտյան դաշնակիցների արձագանքը կլինի հետևյալը: Նախ՝ դաշնակիցները կարձագանքեն 24 ժամում։ Այն կլինի Արևմուտքի կողմից նախազգուշացում և Ուկրաինայի զինված ուժերի կողմից խախտումը դադարեցնելուն ուղղված գործողություններ։

Եթե ռազմական գործողությունները շարունակվեն նաև դրանից հետո, ապա պետք է սկսվի արձագանքի երկրորդ փուլը։ Այն պետք է ներառի «կամավորների կոալիցիայի» ուժերը, այսինքն՝ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների խումբը, որը պատրաստ է հրադադարի դեպքում իր զորքերն ուղարկել երկիր։

Եթե Ռուսաստանի կողմից հրադադարի խախտումը հանգեցնի ավելի լայնածավալ հարձակման, ապա լարվածության սրումից հետո 72 ժամվա ընթացքում պետք է հետևի արևմտյան ուժերի համակարգված արձագանքը՝ ԱՄՆ բանակի մասնակցությամբ։

Թերթը չի մանրամասնում, թե ինչպիսին պետք է լինի արևմտյան դաշնակիցների ռազմական պատասխանը, կամ արդյոք դա ենթադրո՞ւմ է ռուսական զորքերի հետ ուղղակի ռազմական բախում։

Ռուսաստանը բազմիցս առարկել է Ուկրաինայի տարածքում արևմտյան զորքերի տեղակայմանը։ Մոսկվան նաև պատրաստ չէ դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Կիևը չհամաձայնի իր զորքերը դուրս բերել ամբողջ Դոնբասից։




XS
SM
MD
LG