Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին վաղը կմեկնի Թուրքիա։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ Թուրքիայի ԱԳՆ իր աղբյուրները վկայակոչելով։
Գործակալության փոխանցմամբ՝ Աբաս Արաղչիի և նրա թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի բանակցությունների գլխավոր թեման լինելու է Իրանում ներքաղաքական ճգնաժամի ֆոնին Թեհրանի և Վաշինգտոնի միջև ծագած լարվածությունը։
«Թուրքական դիվանագիտական աղբյուրները հաղորդում են, որ բանակցությունների ընթացքում նախարար Ֆիդանը մեկ անգամ ևս ընդգծելու է, որ Անկարան չի աջակցում Իրանի դեմ որևէ ռազմական գործողության։ Թուրքիան նաև կողմ է, որ Իրանի միջուկային ծրագրի հետագա ճակատագրի առթիվ շուտափույթ լուծում գտնվի», - հաղորդում է Reuters-ը։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Անկարան Իրանին և Միացյալ Նահանգներին իր միջնորդական ծառայություններն է առաջարկել։