Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի Ռոստովի մարզին․ մեկ մարդ զոհվել է, ևս չորսը, այդ թվում՝ չորս տարեկան երեխա, վիրավորվել են, հայտնել է մարզի ղեկավար Յուրի Սլյուսարը։
Նրա խոսքով՝ օդային հարձակումը հետ է մղվել մարզի 10 շրջաններում, այդ թվում՝ Ռոստովում, Նովոչերկասկում և Վոլգոդոնսկում։
Ռոստովի արևմտյան արդյունաբերական գոտում հարձակման հետևանքով հրդեհվել են արդյունաբերական և պահեստային ձեռնարկությունների շենքեր։ Լևենցովսկի միկրոշրջանի բազմաբնակարան շենքում վնասվել են երկու բնակարան, իսկ Մյասնիկովսկի շրջանում՝ «Ֆակել» այգեգործական ընկերակցությունում և Լենինավան գյուղում, ամբողջությամբ այրվել են երկու առանձնատներ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հունվարի 13-ի ժամը 20։00-ից մինչև հունվարի 14-ի ժամը 09։00-ը խոցվել է ուկրաինական 64 անօդաչու թռչող սարք, որոնցից 27-ը՝ Ռոստովի մարզի երկնքում։