Շիրակում այս տարի գրանցվել է վերջին տարիների ամենացուրտ ջերմաստիճանը՝ -37: Սա, իհարկե, մարզի ռեկորդը չէ, խորհրդային տարիներին Ամասիայում -46 էլ է եղել:
Ցուրտն այս տարի իսկական «նվեր» էր Աշոցք հասած ձմեռային էքստրեմալ սպորտաձևերի սիրահարների համար: Բայց նույնիսկ նրանք էին անակնկալի եկել, երբ ձմեռային կայակինգի համար Աշոցք գետն ամբողջովին սառցակալած էին գտել:
Ամասիայում էլ առատ ձյան տեղումներին հաջորդել էր բուքը, որը փակել էր ոչ միայն ճանապարհները, այլև մարդկանց տների դռները:
Գյումրիում ևս տեղումների պակաս չկար, ջերմաստիճանն էլ մինչև -27 հասավ: Ցուրտն այստեղ անտանելի է դարձնում հատկապես տնակում ապրողների կյանքը: Հիմնական վառելիքը փայտն է, եթե իհարկե կարողանում են գնել:
Տիկին Նարինեն 37 տարի տնակում է ապրում, ու չգիտի, թե դեռ որքան էլ կապրեն, քանի որ երկրաշարժին բնակարան չեն կորցրել: Ամուսնու 40 հազար դրամ թոշակից տնտեսում են, որ ձմռան համար փայտ գնեն:
«Մի խորանարդը 28 հազար, կտրել-ջարդելն էլ՝ 32 հազար: 4 խորանարդ ենք առել, ստիպված քիչ ենք առել, որովհետև հնարավորություն չունենք, տնտեսում ենք, որ փայտի հարցերը լուծենք», - ասաց տիկին Նարինեն:
Չնայած սաստիկ ցրտին, տնակը ստիպված են ջեռուցել խնայելով. «Հո անընդհատ չե՞ս վառի, մի 4 ժամ, հինգ ժամ մարես, որ հետո կարողանաս ձմեռը տակիս դուրս գաս: Ձմեռն էլ երկար է՝ 6 ամսի, մինչև մայսի ամիսը պիտի վառես»:
Վառելափայտ գտնելն էլ է դժվարացել: Հատ ու կենտ ու հիմնականում պարկերով են վաճառում: Մեկ պարկի գինը 1000-1500 դրամ է: Վառելիք վաճառողներից մեկն ասաց, որ վերջին օրերին փայտ գնողները շատացել են:
Գազով են ջեռուցողների էլ ծախսն է շատացել: «Հո չենք մրսելու», - ասում են:
43 տոկոս աղքատություն ունեցող Շիրակում, որտեղ ժամանակավոր տնակներում դեռ մոտ 3000 ընտանիք է ապրում, ձմեռը մյուս մարզերի համեմատ ավելի երկար է տևում: