Մատչելիության հղումներ

Անձնական օգնականի ծառայություն. ինչո՞ւ են աուտիզմով ապրող մարդիկ դուրս մնացել պետական ծրագրից


58-ամյա Անահիտը տեսողության լուրջ խնդիրներ ունի, միայն շարժվող շատ խոշոր պատկերների ստվերներն է նկատում: Գիտի, որ կառավարությունը հաշմանդամություն ունեցող անձանց հունվարից հնարավորություն է տալիս անձնական օգնական ունենալ: Բայց, որ որակավորված մասնագետն իրեն անվճար ուղեկցի, պետք է բազմաթիվ թղթեր հավաքի. արդեն 5 ամիս է՝ այդ փուլում է:

Մանկավարժ Անահիտն ասում է, եթե ընկերուհին չլիներ, որն առաջիկայում կդառնա իր անձնական օգնականը, գուցե ճանապարհի կեսից հետ կանգներ, բարդ է, դժվար... հատկապես չտեսնող մարդու համար:

Հայաստանում հաշմանդամություն ունեցող մոտ 194 հազար մարդ կա, բայց հինգ ամիսներին ծրագրից օգտվելու ընդամենը 79 դիմում է ներկայացվել Սոցապ նախարարություն։ Ծրագրից փաստացի օգտվողներ դեռ չկան, դիմումներն ուսումնասիրվում են:

Արմինե Շաղբաթյանը, որ ողջ կյանքը նվիրել է աուտիզմով ապրող 18-ամյա որդուն, թևաթափ է եղել, երբ տեղեկացել է, որ իր որդին չի կարող անձնական օգնական ունենալ, որովհետև նախարարության նոր չափորոշիչներով, ծրագիրն իր տղայի համար չէ:

Արմինեն թարգմանիչ է, հասցրել է աշխատել ամսագրերում, դիվանագետների հետ, բայց կարիերայի մասին մոռացել է ու տարիները նվիրել որդուն՝ օգնող չուներ, իսկ նրան խնամք էր պետք: Սուրենը քայլում է, խոսում, բայց առանց մոր մեկ քայլ անգամ չի կարող անել:

Արմինեն ասում է՝ երանի պետությունն անձնական օգնական տրամադրեր աուտիզմով ապրող երեխաների ընտանիքներին մինչև նրանց չափահաս դառնալը, որ հատկապես մայրերն էլ այդ ընթացքում կարողանային աշխատել: Դեռ երազում է, որ պետությունը գուցե իրենց էլ չանտեսի:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանի համար անհասկանալի էր մեր հարցը՝ ինչո՞ւ են աուտիզմով ապրող մարդիկ դուրս մնացել ծրագրից: Ասում է՝ ծառայության շահառու դառնալը դիագնոզով չի որոշվում, այլ այն հանգամանքով, թե որքան է ֆունկցիոնալ մարդը, նոր համակարգով են դա գնահատում: Անցած տարվա փորձարկումից հետո, Ստեփանյանն ասաց, կառավարությունն ընդլայնել է շահառուների ցանկը:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն դատի է տվել նախարարությանը, համարում են, որ ներդրված նոր համակարգը, որով ստուգում են մարդու ֆունկցիոնալության աստիճանը, վիճահարույց է: ՀԿ ղեկավար Մուշեղ Հովսեփյանն ասում է՝ մարդուն պետք է հասկանալի լինի, թե ինչպես են իր մասին որոշումները կայացնում։

Առավել մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG