Մատչելիության հղումներ

Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը


Իսպանիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը․ պատգամավորներն ու կառավարության անդամները ծափահարում են Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին, 22-ը մայիսի, 2024թ․
Իսպանիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը․ պատգամավորներն ու կառավարության անդամները ծափահարում են Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին, 22-ը մայիսի, 2024թ․

Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը։ Որոշումը պաշտոնապես ուժի մեջ կմտնի մայիսի 28-ին։

«Երկու պետությունների մասին լուծումը խաղաղության միակ կենսունակ ճանապարհն է ինչպես Իսրայելի, այնպես էլ Պաղեստինի համար», - հայտարարել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդը՝ շարունակելով․ - «Այս կրիտիկական պահին մենք ճանաչում ենք Պաղեստինը՝ ի աջակցություն տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համապարփակ ծրագրի աշխատանքին»:

Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսն իր հերթին հիշեցրել է անցած շաբաթներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկության մասին, որի համաձայն, 143 երկրներ կողմ են արտահայտվել կազմակերպությունում Պաղեստինին ընդլայնված կարգավիճակ տրամադրելու առաջարկին։

Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը՝ Պաղեստին պետությունը ճանաչելու հարցով ասուլիսի ժամանակ․ 22-ը մայիսի, 2024թ․
Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը՝ Պաղեստին պետությունը ճանաչելու հարցով ասուլիսի ժամանակ․ 22-ը մայիսի, 2024թ․

«Գազայի պաղեստինցիներն ամենածանր տառապանքների, զրկանքների և սովի մեջ են։ Մարդասիրական աղետը, որը շատերի համար աներևակայելի և բոլորի համար անընդունելի է, տեղի է ունենում իրական ժամանակում» ,- հայտարարել է Իռլանդիայի կառավարության ղեկավարը։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Պաղեստինի պետության պաշտոնապես ճանաչման երեք «պատճառ» է նշել՝ խաղաղություն, արդարություն և հետևողականություն։

«Մենք պետք է համոզվենք, որ երկու պետությունների որոշումը պահպանվում է և պետք է լինեն անվտանգության փոխադարձ երաշխիքներ։ Կարևոր է, որ երկու կողմերը բանակցություններ վարեն խաղաղության շուրջ, և հենց այդ պատճառով է, որ մենք ճանաչում ենք Պաղեստինը», - հայտարարել է վարչապետ Սանչեսը։

Իսրայելը դատապարտել է եվրոպական երկրների այս որոշումը և ի նշան բողոքի՝ ետ կանչել իր դեսպաններին Իռլանդիայից և Նորվեգիայից։

«Իսրայելը լուռ չի հետևի այս ամենին, կլինեն լուրջ հետևանքներ», - հայտարարել է արտգործնախարար Իսրայել Կացը, պնդելով, որ պաղեստինյան պետության ճանաչումը «խաթարում է 128 պատանդների վերադարձին ուղղված ջանքերը, «խրախուսում Իրանին և «Համաս»-ին, խաթարում խաղաղության հնարավորությունները և կասկածի տակ դնում Իսրայելի՝ ինքնապաշտպանության իրավունքը»։

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կաց, արխիվ
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կաց, արխիվ

Իսրայելը չի ճանաչում Պաղեստինի պետականությունը։ Իսրայելի ներկայիս կառավարությունը դեմ է Արևմտյան ափին և Գազայի հատվածում պաղեստինյան պետության ստեղծմանը՝ պնդելով, որ նման պետությունը սպառնալիք է Իսրայելի գոյությանը։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 34 հազարը։

«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG