Մատչելիության հղումներ

Կիրանցում մեծ թվով ոստիկաններ կան, ճանապարհը բաց է, բայց ուժեղացված հսկողություն է իրականացվում


Ոստիկանները Կիրանց գյուղ տանող ճանապարհին հսկողություն են իրականացնում, 6-ը մայիսի, 2024թ․
Ոստիկանները Կիրանց գյուղ տանող ճանապարհին հսկողություն են իրականացնում, 6-ը մայիսի, 2024թ․

Կիրանցում դարձյալ մեծ թվով ոստիկաններ կան, մուտքը դեպի Կիրանց փակ չէ, սակայն դրսից եկած մեքենաներին թույլատրում են գյուղ մտնել ստուգումներից հետո։

Գյուղացիներն «Ազատության»-ը ասացին, որ տեղեկություններ չունեն կատարվող աշխատանքների վերաբերյալ, հեռվից տեսանելի որևէ բան չի երևում սահմանազատվող հատվածներում, գյուղում սպասողական վիճակ է։

Այսօր կրկին փակ են Խեյրիմլի տանող ճանապարհները, որտեղ գտնվում են Կիրանցի բնակիչների արոտավայրերը և այգիները։

Ոստիկանները Խեյրիմլի տանող ճանապարհին, 6-ը մայիսի, 2024թ․
Ոստիկանները Խեյրիմլի տանող ճանապարհին, 6-ը մայիսի, 2024թ․

Գյուղապետն ասաց, որ այս պահին իրենք որևէ քայլ չեն կարող ձեռնարկել քանի դեռ որևէ տեղեկություն չունեն։ Գյուղում տեղեկություններ չկան նաև ականազերծման ժամանակ վիրավորված զինվորի մասին։

Բնակիչներն «Ազատության»-ը ասացին, որ ականի պայթյուն չեն լսել, բայց տեսել են, թե ինչպես է ժամը 10։12 Խեյրիմլիի տարածքից շտապօգնության մեքենան դուրս եկել, որը ենթադրաբար տեղափոխում էր հենց վիրավորված զինվորականին։

«Ազատության» տեսախցիկը ֆիքսել է Խերիմլիի տարածքից դուրս եկող շտապօգնության մեքենան, 6-ը մայիսի, 2024թ․
«Ազատության» տեսախցիկը ֆիքսել է Խերիմլիի տարածքից դուրս եկող շտապօգնության մեքենան, 6-ը մայիսի, 2024թ․

Այսօր Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ռազմական գերատեսչությունից չհստակեցրին, թե դեպքը որտեղ է տեղի ունեցել, սակայն «Ազատության» աղբյուրները հայտնեցին, որ պայթյունը տեղի է ունեցել Կիրանցի հատվածում՝ ականազերծման աշխատանքների ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG