Մատչելիության հղումներ

Թուրքիան դադարեցրել է տարեկան 9.5 մլրդ դոլարի առևտուրն Իսրայելի հետ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոսում է Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու մասին, Ստամբուլ, 3-ը մայիսի, 2024թ.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոսում է Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու մասին, Ստամբուլ, 3-ը մայիսի, 2024թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը ստիպված է դադարեցնել Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները, որոնց տարեկան ծավալը հասել է 9.5 միլիարդ ԱՄՆ դոլարի։

«Իրադարձությունները, որոնք ծավալվեցին Իսրայելի և Պաղեստինի միջև, անընդունելի են: Իսրայելը սպանել է 40-45 հազար պաղեստինցիների: Մենք՝ որպես մահմեդականներ, չէինք կարող ձեռքներս ծալած նստել: Մենք ստիպված ենք քայլեր ձեռնարկել և արեցինք այն, ինչ պահանջվում է»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Նրա խոսքով, Թուրքիան ուներ 9.5 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն Իսրայելի հետ, բայց այն ստիպված դադարեցրել է:

Այդ մասին Թուրքիայի ղեկավարը լրագրողների հետ խոսել է Ստամբուլում։ Նրա այդ մեկնաբանությունները հեռարձակվել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության X-ի (նախկինում՝ Twitter) էջում։

Էրդողանը նշել է, որ նախկինում՝ մինչև Գազայում հակամարտության մեկնարկը, ինքն ԱՄՆ-ում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։

«Այն ժամանակ ես ոչ թե հենց այնպես էի հանդիպել նրա հետ, այլ՝ ցույց տալու, որ Թուրքիան և Իսրայելը կարող են միասին ինչ-որ քայլեր ձեռնարկել, բայց Նեթանյահուն անխիղճ էր և ցույց տվեց անգութ վերաբերմունքը [Գազայում] երեխաների, կանանց և տարեցների նկատմամբ: Ամբողջ Արևմուտքն ու հատկապես Միացյալ Նահանգները հիմա աշխատում են հանուն Իսրայելի շահերի», - ասել է Էրդողանը։

Ապրիլի 9-ին Թուրքիայի առևտրի նախարարությունը սահմանափակումներ է մտցրել Իսրայելի հետ 54 տեսակի ապրանքների առևտրի նկատմամբ։

Մայիսի 2-ի երեկոյան նախարարությունը հայտարարել է Իսրայելի հետ արտահանման և ներմուծման գործարքների ամբողջական դադարեցման մասին։

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի խոսքով՝ Անկարան կկատարի Իսրայելի դեմ առևտրային պատժամիջոցների մասին որոշումը, քանի դեռ չի դադարեցվի կրակը Գազայի հատվածում և չի ապահովվի մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքումը տարածաշրջան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG