Մատչելիության հղումներ

Գիշերը Կիրանցի ակցիայի վայր էին ժամանել զինվորականներ. Քննչականը մանրամասնում է


Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ: Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ:

«Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի», - ասված է հաղորդագրությունում:

Զինվորական համազգեստով մարդիկ ակցիայի վայր են ժամանել երեկ ուշ երեկոյան՝ քաղաքացիների և իրավապահների միջև բախումից հետո: Ըստ որոշ հաղորդումների՝ նրանք պայմանագրայիններ էին: Ներկաների հավաստմամբ՝ այդ անձինք շատ կարճ ժամանակով են եկել, ողջունել են ակցիայի մասնակիցներին և հեռացել:

Այսօր առավոտյան Քննչական կոմիտեն հաղորդեց «մի խումբ զինծառայողների կողմից առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելու առերևույթ դեպքի» առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու մասին:

Ըստ Քննչականի՝ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում, որ երեկ ժամը 23:30-ի սահմաններում ՊՆ N զորամասի մի խումբ զինծառայողներ «միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ հրաժարվում են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները և տվյալ պահից, փաստացի դադարեցնելով դրանց կատարումը, միացել են ցուցարարներին»:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ «ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ՝ սպա Ա.Չ.-ն և ենթասպա Ֆ.Բ.-ն, համացանցից տեղեկանալով Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին խմբված ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի մասին, առաջարկել են նույն զորամասի զինծառայողներ՝ ենթասպա Ա.Դ.-ին, շարքային կազմի պայմանագրային զինծառայողներ Ա.Ա.-ին, Ա.Բ.-ին, Գ.Ս.-ին, Ա.Բ.-ին, Կ.Ս.-ին, Է.Մ.-ին, Դ.Զ.-ին, Ս.Մ.-ին, Ա.Գ.-ին. Հ.Ղ.-ին, Ա.Հ.-ին և Գ.Թ.-ին մեկնել տվյալ տեղանք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, սակայն, տեղ հասնելուն պես՝ անսպասելիորեն ցուցարարներից ոմանք հայտարարել են, թե իբր իրենք միացել են նրանց և վայր են դրել զենքերը, իսկ տեղում գտնվող լրագրողները սկսել են նկարահանել իրենց»:

«Հասկանալով, որ տեղում որևէ արտառոց իրավիճակ չկա՝ կարճ ժամանակ անց հեռացել են խմբված ցուցարարների մոտից», - հաղորդում է Քննչական կոմիտեն:

Քրեական վարույթով կազմվել է քննչական խումբ, իրականացվում են անհետաձգելի գործողություններ՝ դեպքի հանգամանքները և դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու նպատակով:

«Փոխվարչապետը մեքենայում չի եղել»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից էլ «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ նախօրեին Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել:

«Հայաստանի պետական գերատեսչությունների մասնագետներն ապրիլի 26-ին ուղևորվել էին Կիրանց գյուղ, տվյալ բնակավայրում և հարակից տարածքներում բնակիչների խնդիրներն ուսումնասիրելու և գույքագրելու նպատակով։ Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե մասնագետների հետ մեքենայում եղել է նաև Մհեր Գրիգորյանը, իրականությանը չի համապատասխանում», - ասված է հաղորդագրությունում:

Վրաստան տանող ճանապարհին Կիրանցի հատվածում, որն արդեն մեկ շաբաթ փակ է, երեկ երեկոյան իրավիճակը լարվեց, երբ բնակիչները կամրջի հատվածում նկատեցին, որ դեպի Բերքաբեր և ըստ հրապարակված քարտեզի՝ ադրբեջանական կողմին անցնելիք հատվածից առանց պետհամարանիշի մեքենա է փորձում դուրս գալ։

Բնակիչներն ի սկզբանե կասկածում էին, որ մեքենայում կարող են ադրբեջանցիներ լինել, սակայն նրանցից մեկին թույլատրվեց մոտենալ մեքենային, ինչից հետո նա հայտարարեց, որ այնտեղ քարտեզագիրներ են, սակայն երևալ չեն ցանկանում։ Մեքենայի համար ճանապարհը բացվեց, երբ դրա ուղևորներն արդեն հեռացել էին:

Այսօր առավոտյան Կիրանցում իրավիճակը հանգիստ է:

XS
SM
MD
LG