Մատչելիության հղումներ

Տարիներ առաջ Բաքվից ապաստան հայցած Մարտիրոսյանի ու Ջաղինյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել


Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ, նրանք հետախուզվում են, հայտնում է Քննչական կոմիտեն։

Ըստ հաղորդագրության՝ 2015թ․ սեպտեմբերին Վահան Մարտիրոսյանը ընտանիքով հատել է Հայաստանի պետական սահմանը, «թշնամական գործունեություն իրականացնելու համար» անցել է Ադրբեջանի կողմը՝ մեկնել է Բաքու, որտեղ հանդիպել է ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ, և հավաքագրվելով նրանց կողմից՝ համագործակցության համաձայնագիր է կնքել, ապա նրանց հանձնարարությամբ զանգվածային լրատվության միջոցներով հակահայկական ելույթներ է ունեցել։

Բացի այդ, ըստ ՔԿ-ի՝ նա կեղծ սոցիալական ցանցերի միջոցով հիմնել է «խաղաղության հարթակ» կեղծ խորագրով գաղափարախոսական կազմակերպություն, որում հավաքագրել է նաև Ջաղինյանին։ Քննչականը շարունակում է՝ արդեն 2017թ. Ջաղինյանն է անցել Ադրբեջանի կողմը՝ մեկնել է Բաքու, հանդիպել ռազմական ոլորտի ներկայացուցիչների հետ, և «հավաքագրվելով նրանց կողմից՝ համագործակցության համաձայնագիր է կնքել, որից հետո գումարի դիմաց վերջիններիս հայտնել է պետական գաղտնիք պարունակող՝ ինչպես Քարվաճառի զորամասի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հետ կապված տեղեկություններ»։

Նա ադրբեջանական հատուկ ծառայության պահանջով հարցազրույց է տվել, որի ժամանակ գովաբանել է այդ երկիրը և հակահայկական ելույթներ ունեցել, փոխանցում է հայաստանյան իրավապահ կառույցը։

Նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, խափանման միջոց է կիրառվել կալանքը: Վերջիններիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը 2017-ին տեղեկացրել էր, որ Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին Սյուզան Ջաղինյանը փորձել էր սադրել պատգամավորներ Արմեն Աշոտյանին և Մանե Թանդիլյանին։

2015-ին էլ Քննչականն էր հաղորդել, որ Ադրբեջանում քաղաքական ապաստան հայցող Վահան Մարտիրոսյանը, որ ներկայացլ էր որպես «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության» ղեկավար, հետախուզման մեջ գտնվելիս է եղել: Նրա նկատմամբ քրեական գործը հարուցված էր Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետի հատկանիշներով՝ «խոշոր չափերով գողություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG