Մատչելիության հղումներ

Շարունակվում է փոխվարչապետի ու տավուշցիների հանդիպումը


Դեռևս շարունակվում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Տավուշի չորս համայնքների ղեկավարների ու մարզային իշխանությունների միջև հանդիպումը։ Առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդվել նաև, թե որքան կտևի այն։

Այս հանդիպման պահանջը շաբաթ երեկոյան էր առաջացել, հենց մարզում հանդիպում անցկացնելու։ Բնակիչները փակել էին ճանապարհը, անվտանգության երաշխիքներ պահանջել իշխանություններից։

Նրանք Տավուշի մարզում խոստում ստացան սահմանազատման հարցերի հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպելու վերաբերյալ։ Սակայն, հանդիպումը ոչ թե Տավուշում է, այլ Երևանում՝ կառավարության շենքում։ Առայժմ հստակ չէ, թե համայնքապետերն արդյոք պահանջների փաթեթով են եկել, կամ ինչ առաջարկներ ունեն։

Այս հանդիպմանը ենթադրաբար մասնակցում են նաև Կիրանց, Բերքաբեր, Ոսկեպար գյուղերից երեք բնակիչներ։ Այսօր առավոտյան վարչապետ Փաշինյանը երկու աշխատանքային խմբեր ստեղծելու մասին որոշում է ստորագրել, դրանցից մեկը հենց մարզային ու տեղական իշխանության ներկայացուցիչներով է համալրված։ Այսօր կարծես թե հենց այդ աշխատանքային խմբի և սահմանազատման հանձնաժողովի ղեկավարի առաջին հանդիպումն է։ Երկրորդ աշխատանքային խմբում հիմնականում գերատեսչությունների ներկայացուցիչներ են, նաև գեոդեզիստներ ու քարտեզագիրներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG