Մատչելիության հղումներ

Գուբադ Իբադօղլուի բանտարկությունը փոխարինվել է տնային կալանքով


Ադրբեջանցի ընդդիմադիր տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն, արխիվ
Ադրբեջանցի ընդդիմադիր տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն, արխիվ

Բաքվի Նարիմանովսկի շրջանի դատարանը կալանավորված ընդդիմադիր ակտիվիստ, տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի խափանման միջոց է ընտրել 3 ամիս 26 օր տնային կալանքը: Որոշումը կայացրել է դատավոր Հաֆիզ Կամրանովը:

Գուբադօղլուն մեղադրվում է ԱՀ Քրեական օրենսգրքի 204.3.1 հոդվածով՝ կազմակերպված խմբի կողմից կեղծ փողերի կամ արժեթղթերի արտադրում, ձեռք բերում կամ իրացում, և մեղադրյալի կարգավիճակով ենթարկվել է քրեական պատասխանատվության։

Այնուհետև իրավապահները Իբադօղլուին առաջադրել են նոր մեղադրանք ԱՀ Քրեական օրենսգրքի 167-3.1 հոդվածով՝ կրոնական ծայրահեղական նյութերի պատրաստում, պահպանում և կամ տարածում:

Գուբադօղլուին ձերբակալել են անցյալ տարվա հուլիսի 22-ին: Ադրբեջանի և մի շարք արևմտյան երկրների իրավապաշտպանները պնդում են, որ Իլհամ Ալիևի ռեժիմը շինծու մեղադրանքներով հալածում է իշխանության հասցեին քննադատություն հնչեցրած ընդդիմադիր հայտնի տնտեսագետին:

Ադրբեջանում նրան մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնական առաջնորդ, Թուրքիայում ծայրահեղական և ահաբեկիչ համարվող Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպության հետ, իբր, կապեր հաստատելու համար:

Նա ձերբակալվելուց առաջ հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում շինարարության ծրագրերը կոռուպցիոն մեթոդներով են իրականացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG