Մատչելիության հղումներ

ԵՄ խորհուրդը հաստատեց պատժամիջոցները շրջանցելու քրեական հետապնդման նվազագույն կանոնների ընթացակարգը


ԵՄ Խորհուրդն այսօր վերջնականապես հաստատել է ԵՄ պատժամիջոցները խախտելու կամ շրջանցելու համար քրեական հետապնդման նվազագույն կանոնների մասին ընթացակարգը:

«Որոշ գործողություններ կհամարվեն քրեական հանցագործություն, դրանց թվում է նաև օրենքը շրջանցելով ճանապարհորդությանը նպաստելը և պատժամիջոցների ցանկում գտնվող ապրանքների առևտուրը կամ արգելված ֆինանսական գործունեության իրականացմանը հրահրելը և օժանդակելը», - նշվում է ԵՄ Խորհրդի հաղորդագրությունում:

Ըստ հաստատված ընթացակարգի՝ պատժամիջոցների կանխամտածված խախտումը պետք է ենթադրի ազատազրկում՝ իբրև առավելագույն պատիժ: Կիրառվելու են նաև տարատեսակ տուգանքներ:

Իրավաբանական անձինք կարող են պատասխանատվության ենթարկվել նաև, եթե հանցանքը կատարել է տվյալ կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյան: Նման դեպքերում պատժամիջոցները կարող են ներառել տնտեսական գործունեություն իրականացնելու թույլտվության չեղարկում։

ԵՄ խորհրդի կողմից հաստատված պատժամիջոցները խախտելու կամ շրջանցելու համար քրեական հետապնդման նվազագույն կանոնների մասին ընթացակարգն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո քսաներորդ օրը: ԵՄ անդամ երկրները 12 ամիս կունենան հրահանգի դրույթներն իրենց ազգային օրենսդրություններում ներառելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG