Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը պատասխանեց Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկեր


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հայ Եկեղեցու հասցեին նման մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն պատշաճ պիտի լիներ, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը համապատասխան քայլեր ձեռնարկեր՝ կասեցնելու ցեղասպան գործողություններն ու հրեշավոր բարբարոսությունները և նպաստելու տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը, հայտարարում են Մայր աթոռից՝ արձագանքելով Կովկասի մահմեդականների գրասենյակի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեին։

Փաշազադեն հայտարարել է, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում՝ չցանկանալով ճանաչել Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք»։

«Արցախյան հակամարտության պատմության ողջ ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Հայ Եկեղեցու մնայուն հորդոր-պահանջը Ադրբեջանից եղել է եւ շարունակում է մնալ՝ հարգել սեփական պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացված արդար իրավունքը։ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հավանաբար Հայ Եկեղեցու այս կեցվածքն է թյուրիմացաբար բնութագրում որպես ռեւանշիզմ։ Հայ Եկեղեցու հասցեին նման մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն պատշաճ պիտի լիներ, որ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդն անդրադառնար Ադրբեջանի ռեւանշիստական քաղաքականությանը եւ տարիներ շարունակ Արցախի ու Հայաստանի նկատմամբ կիրառված ագրեսիային, 2020թ․ սանձազերծած պատերազմին, Արցախի բռնազավթմանն ու հայաթափմանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանը, հայ ռազմագերիներին ապօրինաբար պահելուն, պետական մակարդակով իրականացվող հայատյացության լայնամասշտաբ քարոզչությանը եւ հայկական պատմական հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստագրված դեպքերին», - նշված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում։

Հայաստանի եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները երեկ համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ հերթական զիջումները լեգիտիմացնում են ՀՀ տարածքների նկատմամբ Բաքվի կեղծ պահանջատիրությունը։

Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին:

Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG