Մատչելիության հղումներ

Ֆեյսբուքյան «լայքը» կարող է դառնալ քաղաքապետարանի աշխատակցի ազատման պատճառ


Էմիլ Մկրտչյանը
Էմիլ Մկրտչյանը

Էմիլ Մկրտչյանն այսօր պետք է իր ղեկավարին՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի տնօրենին բացատրագիր ներկայացնի, թե ինչու է լայքել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանի ֆեյսբուքյան գրառումները։

«Այդ մի լայքը կարա որոշի մեր ճակատագիրն աշխատանքում», - ասաց նա՝ շարունակելով, - «Եթե ընդդիմադիր դաշտից մեկի հայտարարությունը լայքում ենք, դուրս է գալիս՝ ես կարող եմ կորցնել իմ աշխատանքը»։

Էմիլ Մկրտչյանը Թափոնների տեսակավորման վարչության Շենգավիթի պատասխանատուն է։ Չի թաքցնում՝ նախկին քաղաքապետի համակիրն է, ճակատագրական լայքը հենց նրա գրառման տակ էր։

Մարությանը գրել էր. «Այսօր մի քանի խուլիգաններ հանրային վայրում հարձակվել են Երևանի ավագանու մեր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների վրա, որոնք իրենց քաղաքացիական դիրքորոշումն էին արտահայտում Երևանի կանաչ ֆոնդի ոչնչացմանը միտված՝ ՔՊ իշխանության քաղաքականության հանդեպ»։

«Քաղաքական գնահատական է տրվել, ես հավանություն եմ դրել, ես դիտարկել եմ, որ դա, ըստ ինձ, ճիշտ հայտարարություն է, դրել եմ հավանություն», - նշեց նա։

Մկրտչյանն ասում է՝ ՀՈԱԿ-ի աշխատողների ու ավագանու ընդդիմադիրների միջև բախման տեսանյութը տեսել ու նոր է սեղմել լայքի կոճակը։ «Կանաչապատման» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը կարծում է, որ այդ լայքով աշխատակիցը անդառնալի հարված է հասցրել իր ղեկավարած կազմակերպության իմիջին։

«Ինքը լայքել է իր գործընկերների խուլիգան անվանում ինչ-որ մեկին։ Դնենք մի կողմ, որ այդ մարդը քաղաքական գործիչ է, սա բարոյական էթիկայի ո՞ր նորմի մեջ է տեղավորվում», - ասաց նա։

Կարգապահական տույժի վերաբերյալ ծանուցագրում, որ կազմակերպությունն ուղարկել է աշխատակցին, նշել են, թե ինչն է խախտել Էմիլ Մկրտչյանը՝ կազմակերպության ներքին կարգապահական կանոնների երկու գլուխների 4 ենթակետեր։ Արմեն Բեգոյանը ներկայացրեց դրանք՝ աշխատակիցը պարտավոր է պահպանել էթիկայի նորմերը, հարգել մարդու արժանապատվությունը, չանել որևէ գործողություն, որ կփչացնի կազմակերպության հեղինակությունը։ Բեգոյանը պնդում է՝ այս կանոններին ծանոթ են բոլոր աշխատակիցները։

«Եթե այդպիսի ներքին կանոնակարգ կա, կարող է շրջաբերական տված լինեն, համենայն դեպս ես ծանուցված չեմ, ես տեղյակ չեմ», - ասաց
Էմիլ Մկրտչյանը՝ հավելելով, որ իր պայմանագրում և կազմակերպության կանոնադրության մեջ ոչինչ չի գտել այն մասին, որ գործից հետո չի կարող Ֆեյսբուքում էմոցիաներ արտահայտել թեկուզ իր ղեկավարների հանդեպ։ Պնդում է՝Հայկ Մարությանի գրառումը լայքել է երեկոյան 9-ին։ Բեգոյանն ասում է՝ նրա կոլեգաները և կադրերի բաժինը նկատել են, ունեն փաստեր, որ Մկրտչյանը գործի ժամին է լայքում։ Դա նրանց դուր չի եկել։

Մկրտչյանը շեշտում է՝ իր գործը Բեգոյանին հավատարմությունը չէ, այլ Շենգավիթի թափոնները կառավարելը։

Ինչո՞վ կավարտվի այս պատմությունը. Բեգոյանը սպասում է աշխատակցի բացատրագրին. - «Հնարավոր է, օրինակ, մարդն ասի, գիտեք՝ մայրս է մտել, օգտվել իմ ֆեյսբուքյան էջից, և նա է հավանությունը դրել»։

Մկրտչյանը գիտի՝ իրեն գործից կազատեն, վստահ է՝ պատճառը միայն իր քաղաքական համակրանքն է։

Մանրամասները՝ «Ազատության» հեռուստառեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG