Մատչելիության հղումներ

Կառավարությունը խոստանում է՝ «Հյուսիս-Հարավ»-ի Երևան-Գյումրի հատվածը պատրաստ կլինի մինչև 2025-ի ամառ


Երկարուձիգ տարիներից, ձգձգումներից, տասնյակ քրեական գործերից հետո կառավարությունը խոստանում է՝ մինչ հաջորդ տարվա ավարտը «Հյուսիս-Հարավ» մայրուղու Երևան- Գյումրի հատվածը պատրաստ կլինի։

«Ծրագիրը 25 թվականին կավարտենք՝ ունենալով այլ որակի ճանապարհ, ունենալով այլ ժամանակահատված, որ կհասնենք Գյումրի ու ունենալով անվտանգության առումով այլ ստանդարտների ճանապարհ», - վստահեցնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

2009-ին սկսված «Հյուսիս- Հարավ» ներդրումային ծրագիրը դեռ 5 տարի առաջ պետք է ավարտված լիներ, մինչ օրս, սակայն, 556 կիլոմետրանոց ճանապարհի 50 կիլոմետրն է ամբողջությամբ պատրաստ։ Իշխանությունները հիմա էլ չեն հայտնում, թե Իրանի սահմանից Վրաստանի սահման ձգվող մայրուղին երբ վերջնականապես պատրաստ կլինի։ Ժամկետներ նշում են միայն առանձին հատվածների վերաբերյալ։

Նախարար Գնել Սանոսյանն այսօր շրջայցի էր դուրս եկել տարբեր հատվածների շինհրապարակներով. մի տեղում ասֆալտ են անում, մեկ այլ վայրում՝ կամուրջ կառուցում։

Հյուսիսում այս տարիների ընթացքում տարբեր աշխատանքներ իրականացվել են, հարավում ոչինչ չէր արվել։ Անցած աշնանը հայտարարեցին՝ Իրանին սահմանակից՝ Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց հատվածն իրանական ընկերությունները կկառուցեն։ Սանոսյանն ու իր իրանցի պաշտոնակիցը Երևանում պայմանագիր ստորագրեցին։

Հարավային այդ հատվածը նախատեսում են կառուցել երեք տարիների ընթացքում, տարածքային կառավարման նախարարն ազդարարում է՝ շուտով կսկսվի շինարարությունը։

Այդուհանդերձ, դեռ որևէ նորություն չկա սրան հաջորդող մյուս՝ Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության վերաբերյալ։ Այստեղ բազմաթիվ թունելներ ու կամուրջներ պետք է կառուցվեն։ Առայժմ ներքին քննարկումների մեջ են՝ ինչպես ու ոնց անել։ Գնել Սանոսյանի խոսքով՝ բոլոր հարցերը համաձայնեցնելուց հետո բուն գործընթացը կսկսեն։

Սանոսյանն անդրադարձավ նաև Տավուշի ենթակառուցվածքներին։ «Ազատություն»-ը հետաքրքրվեց՝ այնտեղ հնարավոր սահմանազատումն ի՞նչ ռիսկեր ու վտանգներ կարող է առաջացնել հայկական կողմի համար, արդյո՞ք գործադիրն արդեն սկսել է այլընտրանքներ մշակել։ Ոչ անկլավային 4 գյուղերի մոտով են անցնում Հայաստան - Վրաստան միջպետական մայրուղին, գազատարը։

«Հիմա որոշակի հերթականություն կա՝ այստեղ հարցեր կան, որ միայն մեր ոլորտից կամ մեր որոշելիք հերթականությունից չի կախված։ Պետք է հասկանանք՝ աշխատանքներն ինչ ծավալով կգնան, որ հատվածներից կսկվեն, մենք դեռ հիմնական աշխատանքներն անում ենք՝ նախանշելով, թե որտեղ ինչ հարցեր կարող են առաջանալ, և առաջանալու դեպքում ինչպիսի լուծումներ են հնարավոր։ Մնացածը՝ աշխատանքային խումբը կաշխատի, մեզ որոշակի գրաֆիկ կհուշի, եթե այդպիսի գրաֆիկի անհրաժեշտություն կառաջանա, մենք էլ ըստ դրա կպլանավորենք մեր աշխատանքները», - ասաց նախարարը։

Բաքուն պահանջում է անհապաղ վերադադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը՝ հայտարարելով, որ դրանց պատկանելությունը Ադրբեջանին կասկած չի հարուցում։ Պաշտոնական Երևանը չի հակադարձում և սա ներկայացնում է որպես սահմանազատման գործընթացի մեկնարկ։ Այդուհանդերձ, Երևանի ու Բաքվի միջև որևէ գրավոր պայմանավորվածություն չորս գյուղերի մասով առայժմ չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG