Մատչելիության հղումներ

Խարկովի կարևոր ենթակառուցվածքները գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են


Խարկովն առանց էլեկտրականության, 26-ը մարտի, 2024թ.
Խարկովն առանց էլեկտրականության, 26-ը մարտի, 2024թ.

Ռուսական բանակը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Խարկովի կարևոր ենթակառուցվածքները, «Լիգա» կայքին տված հարցազրույցում ասել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։

«Ես չգիտեմ, թե որն է թշնամու ծրագիրը: Գրեթե բոլոր կարևոր էներգետիկ ենթակառուցվածքներն արդեն ոչնչացված են, մասնավոր ենթակառուցվածքները՝ նույնպես: Ռուսաստանը ցանկանում է մեզ վախեցնել, բայց դա անհնար է: Երկու տարվա ընթացքում մենք տեսել ենք տարբեր սպառնալիքներ, ժամանակ է եղել, երբ երկու 2 բնակիչներից ընդամենը 300 հազարն են մնացել: Էներգետիկ ոլորտի համար իրավիճակը շատ ծանր է»,- ասել է քաղաքապետը։

Ռուսական զինուժը գրեթե ամեն օր հարվածներ է հասցնում սահմանին մոտ գտնվող Խարկովին։ Քաղաքի էլեկտրամատակարարման հիմնարկները մեծ վնասներ են կրել: Այսօրվա դրությամբ հոսանքը տրվում է հովհարաձև անջատումների տարբերակով:

Քաղաքապետի խոսքով՝ չնայած հրետակոծություններին և հոսանքազրկման սպառնալիքին, քաղաքում մնում է մոտ 1 միլիոն 300 հազար բնակիչ՝ մի քանի հարյուր հազարով պակաս, քան պատերազմից առաջ:

Ոչ իշխանությունները, ոչ զինվորականները Խարկովից բնակչության տարհանման անհրաժեշտություն դեռ չեն տեսնում։ Ռուսները տարհանման մասին լուրեր են տարածում՝ քաղաքում խուճապ ստեղծելու համար:

Ռուսները պատերազմի առաջին փուլում՝ 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին փորձել են գրավել Խարկովը, սակայն հետագայում առաջնագիծը կայունացել է, և 2022 -ի սեպտեմբերին ռուսները նահանջել են պետական սահմանից այն կողմ։

Խարկովի հրետակոծությունը շարունակվում է: Վերջերս մի շարք աղբյուրներ՝ թե՛ կրեմլամետ, թե՛ անկախ, գրել են, որ ռուսները կարող են նոր հարձակում նախապատրաստել Խարկովի վրա։

XS
SM
MD
LG