Մատչելիության հղումներ

Գազայի բնակիչների համար Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս


Գազայի բնակիչներին Հայաստանի ուղարկած 30 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնված ինքնաթիռը երեկ ժամանել է Եգիպտոսի «Ալ- Արիշ» ռազմական օդանավակայան, հաղորդում է Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը։

Ըստ հաղորդման՝ Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերությունը երկու օրվա ընթացքում այն կփոխանցի Գազայի բնակիչներին։

Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ:

Երեկ Հայաստանի կառավարությունը հաստատեց Եգիպտոսի աջակցությամբ, Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծայրագույն պայմաններում գտնվող շուրջ 1,5 մլն բնակիչներին շուրջ 29, 94 տոննա մարդասիրական օգնություն ուղարկելու որոշումը։ Նույն օրը երեկոյան հայտարարվեց, որ օգնությունն արդեն ուղարկվել է։

Մարտի սկզբին Եգիպտոս այցի և նախագահի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին ասել էր, որ Երևանը միանում է Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին նաև նշելով, որ Երևանը Կահիրեի աջակցության ու խորհրդատվության կարիքն ունի` Հայաստանի կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 32 և կես հազարը, վիրավորների թիվը մոտեցել է 75 հազարի:

«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG