Մատչելիության հղումներ

«Մենակ մի քիչ քաղցր՝ մի կին քննիչից». հղի կինը պնդում է՝ իրեն երեխաների հետ խաբեությամբ ոստիկանություն են տարել


Ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել՝ պարզելու՝ ինչպես է ստացվել, որ առանց ծանուցման հղի կնոջն իր երեք մանկահասակ երեխաների հետ խաբեությամբ տարել են ոստիկանություն, այնտեղ պահել մի քանի ժամ։

«Միջանցքում խոսում էին հայհոյանքներով, Էդգարը՝ ամուսինս, ջղայնացավ, ասաց՝ այստեղ կանայք են նստած, կարող ա կոռեկտ խոսաս մի քիչ։ Բա լավ կներեք, ու դուռը փակեց, որից հետո ծիծաղելով, ծամունը բերանները, թզբեխը ֆռցնելով ման էին գալիս միջանցքում։ Այ տենց լկտի պահվածքով էին իրենք մարդու հետ շփվում», - ասում է կինը՝ շարունակելով պատմել. - «Մեզ հետ են բերել Մասիսի ոստիկանություն, երևի մոտ 4 ժամ մնացել ենք այնտեղ, երեխեքն արդեն սոված էլ չէին դիմանում։ Ասի՝ մեզ էս քանի ժամ է՝ բերել եք, սոված-ծարավ նստացրել եք ստեղ, երեխեքին մի փոքր ուտելու բան բերեցին»։

26-ամյա Վարդուհի Շահբազյանը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությանն է ահազանգել։ Պատմել է, որ անցած շաբաթ իր ու ամուսնու հետևից են եկել անծանոթ անձինք, ասել, թե բարեգործական հիմնադրամներից մեկն ուզում է օգնել, բայց հարկավոր է ներկայանալ Մասիսի քաղաքապետարան, որի գյուղերից մեկում ժամանակին հաշվառված է եղել կինը։ Անծանոթների շարքում նաև ոստիկան է եղել, բայց, Վարդուհու խոսքով, ոչինչ չի ասել ո՛չ իր ու ամուսնու հետախուզման, ո՛չ էլ իրենց վերագրվող արարքի մասին։ Նստեցրել են մեքենան և Էրեբունուց տարել միանգամից Մասիսի ոստիկանություն։

«Միջանցքում կանգնած եմ երեխեքի հետ, էլ չեմ դիմանում, լացելով քայլում եմ միջանցքում, մեկ էլ քննիչներից մեկն ասում է՝ իյա, էս քննչական թազա կազմակերպություն ե՞նք բացել, մանկապարտեզ ունե՞նք ու ծիծաղելով, հետ են նայում մեզ ու ծիծաղում են։ Ձեռ էին առնում, մի կին էր միայն քննիչների մեջ, որ երեխեքին քաղցր տվեց, որ հանգստանան», - նշեց կինը։

Վարդուհու ընտանիքը 7.5 ժամ է անցկացրել է նախ Մասիսի ոստիկանությունում, հետո Երևանի բաժնում, վերջում էլ Քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բաժնում։ Իրավապահները նրանց տեղեկացրել են, որ մի քանի տարի առաջ վարձակալած բնակարանից 430 հազար դրամի իրեր են գողացել, և ամուսիններով հետախուզվում են։ Զարմացել են, հերքել ու երեկոյան տուն եկել։ Նրանց մեղադրանք է ներկայացվել վստահված գույքը հափշտակելու հոդվածով։

Եթե ոստիկանությունը հիմա քննում է՝ պարզելու կառույցին վերագրվող այս դեպքի մանրամասները, Քննչական կոմիտեից հերքում են, որ ընտանիքին ծաղրել են, ավելին, խոսնակ Գոռ Աբրահամյանի խոսքով՝ լավ են վերաբերվել, երեխաներին քաղցրեղեն հյուրասիրել։

«Նման բան չի կարող լինել քննչական մարմնում։ Ինչպես գիտեք, քննչական բոլոր գործողությունները տեսագրվում են։ Եթե անձը գտնում էր, որ իր նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ներգործություն է թույլ տրվել պաշտոնատար անձանց կողմից, ապա ոչինչ չէր խանգարում այդ մասին պատշաճ հաղորդում ներկայացնել։ Ի դեպ, այս պահին էլ նրանք որևէ ձևով կաշկանդված չեն դա անելու հնարավորության առումով», - ասաց ՔԿ խոսնակը։

Մինչ քննությունը կպարզի եղելությունը, 3 անչափահաս երեխա ունեցող ընտանիքը կանգնած է դրսում մնալու խնդրի առջև։ Ամիսներ առաջ ապրում էին Խարբերդում՝ վարձով, գումարը չէին կարողացել վճարել և նոր կացարան են գտել Էրեբունուն մոտ՝ Մուշավանի տարածքում։ Սարի վրա գտվող այս թաղամասում մի տուն են գտել, որի սեփականատերը այն մտադիր է վաճառել։

«Էս տան դուռը բաց էր ընդհանուր, ու ոչ մեկը չէր ապրում, մոշերը փակել էին դուռը։ Ես ու ամուսինս ենք դուռը բացել, ներս ենք եկել, քանդված, փոշոտ տուն էր, որոշ չափով մաքրեցինք, որոշեցինք տեղավորվել, մինչև հասկանանք՝ ինչ ենք անում, որովհետև երեխեքի հետ ավելի ցուրտ էր, դրսում էինք կարում ապրեինք», - ասում է նա։

5, 4, 2 տարեկան երեխաներին պահում են առանց բաղնիքի, հոսանքի, ջրի տան մեջ։ Դրսում մի զուգարան կա, իսկ լողանալու մասին ամեն օր միայն կարող են երազել։ Ջուրը կրում են հարևան գյուղից։

Ամուսինը՝ Էդգար Իսրայելյանը, մանկատան նախկին սան է, շինարարություն, բանվորություն է անում, բայց հիմա աշխատանք չունի առողջական խնդիրների պատճառով։ Վերջերս բարի մարդիկ են սկսել օգնել երիտասարդ այս ընտանիքին։

Մեղադրյալի աթոռին հայտնված ամուսիներն ասում են՝ ի վիճակի չեն վերականգնել իրենց վերագրվող 430 հազար դրամի վնասը։ Մի երազանք ունեն՝ իրենց տանիքն ունենալ։ Մանկատան նախկին սան ամուսնուն, սական, պետությունը, հրաժարվում է աջակցել։

«Զատիկ» մանկատան նախկին սաներից, սոցապնախարարությունը մերժում է մեզ անգամ այդ սերտիֆիկատի տրամադրումը, քանի որ ինքը մի օր շուտ է փախել։ Տանը եղել է դիվանը ջարդված, չի բացվում, օրորոցը մարդիկ նվեր են բերել, վառարանը էլի մարդկանց շնորհիվ է», - ասում է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG