Մատչելիության հղումներ

«Մեր ցավին բուժում չկա». ոսկեպարցիները լուծում սպասելուն զուգահեռ ասում են՝ հեռանալու միտք չունեն


Վարչապետ Փաշինյանի հանդեպ համակրանքի քննություն է Ոսկեպարում։

«Եթե համոզվեց, համաձայնությունը տվեց, որ չորս գյուղը վերադարձնում է ադրբեջանցիներին, հիմնովին փոխվելու է նրա նկատմամբ հեղինակությունը», - «Ազատությանն» ասում է ոսկեպարցի Ժորա Սեպխանյանը։

Նրա դիտարկմամբ՝ գյուղի 60-70 տոկսը դեռ վստահ է, որ վերջին խորհրդարանական ընտրություններում չի սխալվել՝ իր ձայնը Փաշինյանի ղեկավարած կուսակցությանը տալով: Ոսկեպարում 359 ընտրողից 285-ը ընտրել էին «Քաղաքացիական պայմանագրին»:

Սեպխանյանն ինքն էլ հույս ունի, որ ոչ անկլավային, նախկինում ադրբեջանաբնակ, իրենց քթի տակ Աշաղի Ասկիպարան, մյուս երեք գյուղերնԱդրբեջանին չեն փոխանցվի միակողմանի զիջմամբ։

«Մեր տարածքները թող մեզ տան, իրենց 4 գյուղը թող վերցնեն, ո՞վ ա բան ասում», - նշում է նա։

Ժորա Սեպխանյանը Ոսկեպարի դպրոցի տնօրենն է եղել, եթե Աշաղի Ասկիպարան հայկական հսկողությունից դուրս գա, ադրբեջանցիները կդիրքավորվեն գյուղի դպրոցից ամենաշատը հարյուր մետրի վրա. - «Եթե նրանք գնացել են այստեղից, ճիշտն ասած՝ փախել են, վախից գնացել են, եթե նրանք չեն գալիս, նրանց գալուցը ինչո՞ւ մենք վախում ենք, մենք ստեղ բնակություն հաստատել ենք, նրանք գալիս, մեզանից չեն վախում»։

Ասում է՝ գյուղն ու ճանապարհները վտանգվում են, բայց ոսկեպարցիները հեռանալու միտք չունեն: Որպես դպրոցի տնօրեն հարևան Ասկիպարայի դպրոցի հետ, իր ձևակերպմամբ, ինտերնացիոնալ կապերի մեջ են եղել։

Ի՞նչ է լինելու գյուղի ճակատագիրը՝ գյուղում սպասում են, թե երբ են որոշում կայացնողներն այցելելու որևէ տեղեկությամբ: Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 9 օր է անցել: Փաշինյանը խոստացել էր՝ ոսկեպարցիների հարցերի պատասխաններով ինքը կամ թիմակիցները կվերադառնան։

«Վարչապետի քաղաքականությունը շատ ուրիշ էր, իմ կարծիքով՝ նա եկել էր՝ համոզվելու՝ արդյոք գյուղացիները կհամակերպվեն դրա հետ, համաձայն են տարածքը տալու, թե ոչ, և համոզվեց, որ էս ինչ լավ գյուղ ա, էս ինչ ուժեղ մարդիկ են», - «Ազատության»-ն ասում է Ավետիս Խեչումյանը։

Նա Ոսկեպարի պատմության 37 տարվա ուսուցիչ է, ոչ մի կասկած չունի՝ Փաշինյանն այցելել էր, իր բառով, «բլեֆի» համար, տարածք չի հանձնվի։ Միևնույն ժամանակ չի բացառում, որ Ադրբեջանը փորձի ուժով ստանալ չորս գյուղերը։

Խեչումյանն՝ ինքը պատմությունից բացի, ռազմագիտություն ու նույնիսկ ընտանեկան կյանքի հոգեբանություն է դասավանդել, բայց այժմ ոչ մի լուծում չունի, թեպետ փորձել է գտնել։

Ի՞նչ լուծում եք առաջարկում, ոսկեպարցիները հարցնում են ամեն օր քաղաքից գյուղամեջ հասնող տարբեր գործիչների։ Ավետիս Խեչումյանն ասում է՝ առայժմ որևէ մեկից լուծում չի լսել: Խիստ ընդհանուր է ձևակերպում, թե ինչ կլինի, եթե Աշաղի Ասկիպարան դուրս գա հայկական հսկողությունից։

«Կքաշվենք, -ասում է, - մեր դիրքերը շատ լավ դիրքում են, ամրացված, սարքված։ Եթե գան, այդ դիրքերին տեր դառնան, մենք ուրեմն մնում ենք շրջափակման մեջ, որովհետև միջպետական ճանապարհը հենց այդ դիրքերի կողքով է գնում, մնում ենք քաշված»։

Գյուղի տղամարդիկ անկախ եղանակային պայմաններից գյուղամեջում են, Ոսկեպարն անընդհատ հյուրեր է ունենում, բնակիչներն ասում են. - «Ով ուզում է գա՝ մեր ցավին բուժում չկա, մեր դարդին դարման չկա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG