Մատչելիության հղումներ

Փաշինյանը վերահաստատել է Հունաստանի վարչապետի՝ Հայաստան այցելելու հրավերը


Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի օժանդակությունը ԵՄ հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հայկական կողմի նկրտումներին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորական ուղերձ հղելով Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ ազգային տոնի առթիվ:

Փաշինյանն ընդգծել է, որ երկու ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերը վերջին տասնամյակներին վերաճել են փոխշահավետ միջպետական համագործակցության և շարունակում են ամրապնդվել՝ շնորհիվ ակտիվ քաղաքական երկխոսության:

Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում ևս երկկողմ համագործակցության բոլոր մակարդակների առաջմղման, ինչպես նաև բազմակողմ, այդ թվում՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակներում փոխգործակցության խթանմանն ուղղված ջանքերն իրենց նպաստը կբերեն հայ և հույն ժողովուրդների անվտանգությանն ու բարօրությանը:

«Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ հրավերը Ձեզ՝ Հայաստան այցելելու առնչությամբ, որը կարող ենք իրականացնել այս տարի եռակողմ ձևաչափով՝ Ձեզ հարմար ժամանակահատվածում», - եզրափակել է Փաշինյանը։

Մեկ ամիս առաջ Հայաստանի վարչապետն էր Աթենքում։ Հունաստանի վարչապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Աթենքը դեմ է ուժի և սպառնալիքի կիրառմանն ու հարգում է յուրաքանչյուր պետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը։ Հույն պաշտոնյան հավաստիացրեց, որ Աթենքը միշտ Երևանի կողքին կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։

Իսկ մարտի սկզբին Հայաստան պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով պաշտոնական այցով Երևանում էր Հունաստանի պաշտպանության նախարարը։ Անցած տարեվերջին Հայաստանն ու Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են կնքել, կողմերը, սակայն, չեն բացահայտում՝ ինչի շուրջ են համաձայնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG