Մատչելիության հղումներ

Ուելսի իշխանուհի Քեյթը քաղցկեղ ունի


Ուելսի իշխանուհի Քեյթը (Քեթրին Միդլթոնը) մարտի 22-ին հայտնել է, որ իր մոտ քաղցկեղ են ախտորոշել:

42-ամյա արքայադուստրը Քենսինգթոնյան պալատի հրապարակած տեսաուղերձում ասել է, որ հիմա բուժման կուրս է անցնում։

«Հունվարին ես Լոնդոնում որովայնի վիրահատության ենթարկվեցի, և այն ժամանակ բժիշկներն ասացին, որ ես քաղցկեղ չունեմ: Վիրահատությունը հաջող անցավ, բայց հետվիրահատական ստուգումը ցույց տվեց քաղցկեղի առկայությունը: Իմ բժշկական թիմը ինձ խորհուրդ տվեց քիմիաթերապիայի կանխարգելիչ կուրս անցնել: Ես հիմա բուժման վաղ փուլում եմ»,- ասել է բրիտանական գահի ժառանգորդ, Ուելսի արքայազն Ուիլյամի կինը:

Քեթրին Միդլթոնը խոստովանել է, որ ախտորոշումը շատ ճնշող էր թե՛ իր և թե՛ ամբողջ արքայական ընտանիքի համար։

Իշխանուհին ասել է, որ այժմ իրեն լավ է զգում և կենտրոնացած է «լիարժեք ապաքինման» վրա։ Նա շնորհակալություն է հայտնել բրիտանացիներին աջակցության և ապաքինման մաղթանքների համար:

Միաժամանակ նա ընդգծել է, որ իր ընտանիքին ժամանակ է պետք ապահով կերպով բուժումն ավարտելու համար: Դրանից հետո իշխանուհին ցանկանում է վերադառնալ պաշտոնական պարտականությունների կատարմանը։

Քեյթը խոստովանել է, որ վիրահատությունից հետո վերականգնվելու համար իրենից որոշ ժամանակ է պահանջվել, բայց ավելի երկար ժամանակ էր պետք «գտնելու ճիշտ բառերը երեխաներին պատմելու համար, թե ինչ է կատարվում և հանգստացնել նրանց, որ ամեն ինչ լավ կլինի»։

Նա հայտնել է, որ շատ է գնահատում ամուսնու՝ արքայազն Ուլյամի աջակցությունը։ Զույգը երեք երեխա ունի՝ 10-ամյա արքայազն Ջորջը, 8-ամյա արքայադուստր Շառլոտան և 5-ամյա արքայազն Լուին։

«Հիմա ես մտածում եմ բոլոր նրանց մասին, ում կյանքը փոխել է քաղցկեղը: Բոլոր նրանց, ովքեր պայքարում են այս հիվանդության դեմ՝ դրա բոլոր դրսևորումներով, ցանկանում են չկորցնել հույսը: Դուք մենակ չեք», - ասել է իշխանուհի Քեյթը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն արդեն ասել է, որ «ամբողջ երկրի հետ միասին» շուտափույթ ապաքինում է մաղթում իշխանուհուն:

Վարչապետը նաև ասել է, թե «աշխարհի շատ երկրներում լրատվամիջոցները և սոցիալական ցանցերի օգտատերերը վերջին շաբաթներին անարդարացի են վարվել Նորին Մեծության նկատմամբ»։

Ռիշի Սունակն այդպես արձագանքել է հանրային կյանքից Քեյթի ժամանակավոր բացակայության պատճառների մասին հրապարակված բազում անհիմն ասեկոսեներին և ենթադրություններին:

Քեթրին Միդլթոնի ախտորոշումն այս տարում առաջին մտահոգիչ լուրը չէ բրիտանական իշխող ընտանիքի մասին:

Փետրվարի սկզբին Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավոր Չարլզ երրորդի մոտ քաղցկեղ են հայտնաբերել: Նա բուժման կուրս է անցնում:

Չարլզ երրորդը մարտի 22-ին ասել է, թե չափազանց բարձր է գնահատում «սիրելի հարսի խիզախությունը»:

Քեյթին շուտափույթ ապաքինում են մաղթել Ուիլյամի կրտսեր եղբայրը՝ Հարրին և նրա կինը՝ Մեգանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG